Ո՞րն է Էրդողանի պատկերացրած «թուրքական տարածաշրջանը» •

Մարտի 4-ից ի վեր «Իրանի տարածքից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը նույնպես ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել» է Միջերկրական ծովի արևելյան հատվածում:

Այդ մասին հայտնել են թուրքական և արևմտյան մի շարք լրատվամիջոցներ: Ավելի վաղ Իրանը նախ արտաքին գործերի նախարարի, ապա և նախագահի մակարդակով թուրք պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցի ձևաչափով վճռականորեն հերքել է հարեւան երկրի նկատմամբ այդ ոտնձգությանը մասնակցությունը:

«Հրթիռը, հավանաբար, արձակվել է երրորդ շահագրգիռ երկրի կողմից»,- պնդել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ո՞ւմ նկատի ունեն նրանք «շահագրգիռ երրորդ երկիր ասելիս», դժվար չէ կռահել: Խոսքն, ամենայն հավանականությամբ, Իսրայելի մասին է: Այս առումով մարտի 13-ին խիստ ուշագրավ գնահատական հնչեցրել է Թուրքիայի նախագահ Փեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքերով՝ «Թուրքիան պատրաստ է կասեցնել իր դեմ բոլոր սպառնալիքները և ձեռնարկել քայլեր, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ հակամարտության մեջ, մեր գլխավոր նպատակը երկիրն այդ հրե ծուղակից զերծ պահելն» է:

Էրդողանը չի բացառել «իրավիճակի զարգացման ցանկացած սցենար» և հաբաստիացրել, որ իշխանությունը «անվտանգության ամրապնդմանը զուգահեռ երկխոսության և դիվանագիտության միջոցով ջանքեր է գործադրում, որպեսզի կանխի հակամարտության տարածումը մեր տարածաշրջանում»:

Ի՞նչ նկատի ունի նա «մեր տարածաշրջան» ասելիս, այս հարցի պատասխանը խիստ կարևոր է, որպեսզի գոնե կանխատեսվի Թուրքիայի հնարավոր դիրքորոշումը, եթե իրանա-ամերիկյան պատերազմը երկարաձգվի:

Ո՞րն է Էրդողանի պատկերացրած «թուրքական տարածաշրջանը»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից հետո Թուրքիան ռազմաքաղաքական կարեւորության երեք ակնառու, պաշտոնական աղբյուրներով վերիֆիկացված քայլ է կատարել. F 16 6 կործանիչ և ՀՕՊ միջոցներ է տեղաբաշխել Կիպրոսի հյուսիսի օկուպացրած գոտում, ամրաշինական աշխատանքներ է իրականացրել Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով եւ զիվորական ստուգատես անցկացրել Նախիջևանում:

Իրանի հետ սահմանի փակումը, արգելափակոցային գոտիների կառուցումը և միաժամանակ Նախիջեւանում ռազմական ներկայության ամրապնդումը, բնականաբար, պայմանավորված են Իրանում և նրա շուրջ ծավալվող չափազանց դրամատիկ իրադարձություններով:

Էրդողանը ակնարկել է, որ Թուրքիային «հրե ծուղակի մեջ ներքաշելու սպառնալիք կա», իսկ ինքը ջանքեր է գործադրում, որպեսզի դա տեղի չունենա, պատերազմը չտեղափոխվի «թուրքական տարածաշրջան»:

Ակնարկը Նախիջևանի՞ մասին է: «Շուշիի հռչակագրով» Թուրքիան Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է: Բայց Իրան-Ադրբեջան ռազմական բախման հավանականությունը, կարծես, զգալիորեն նվազել է:

Թուրքիան այդ ուղղությամբ «նոր զարգացումնե՞ր է կանխատեսում», թե «վտանգ է տեսնում, որ Իսրայելը կհարձակվի Կիպրոսի օկուպացված հատվածի թուրքական ռեժիմի կամ, գուցե, Սիրիայի՞ դեմ»:

Բոլոր սցենարներն էլ հնարավոր են, քանի դեռ Իրանի դեմ պատերազմի գոնե ակտիվ փուլի վերջը չի երևում: Իսրայելական որոշ աղբյուրներ հայտնել են, որ Դոնալդ Թրամփը Բենիամին Նաթանյահուին պատերազմի համար «ընդամենը ևս մեկ շաբաթ ժամանակ է տվել»:

Leave a Comment