Այսօր Ֆրանսիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները, որոնց շրջանակում քաղաքացիներն ընտրում են քաղաքապետեր և քաղաքային խորհրդականներ Փարիզում և երկրի մյուս քաղաքներում։ Քաղաքական ուժերն այս ընտրությունները դիտարկում են որպես կարևոր քաղաքական փորձություն՝ 2027 թվականի նախագահական ընտրություններից առաջ։
Մարտի 15-ին և 22-ին ֆրանսիացիները կընտրեն ինչպես քաղաքապետերին, այնպես էլ քաղաքային խորհրդականներին։ Այս տարվանից սկսած՝ և՛ մեծ, և՛ փոքր քաղաքներում քվեարկությունն անցկացվում է համամասնական համակարգով։ Ամենաշատ ձայներ ստացած ցուցակը ստանում է նաև լրացուցիչ տեղերի բոնուս քաղաքային խորհրդում։
Միևնույն ժամանակ ընտրական համակարգը բավական բարդ է, հատկապես ցուցակները կազմելու հարցում, գրում է BBC-ին։ Որոշ փոքր քաղաքներում ներկայացված է միայն մեկ ընտրական ցուցակ, մինչդեռ այլ համայնքներում թեկնածուները նախ առաջադրվում են անհատապես, ապա միավորվում մեկ ընդհանուր ցուցակում։
Որպեսզի որևէ ցուցակ անցնի ընտրությունների երկրորդ փուլ, այն պետք է ստանա ձայների առնվազն 10 տոկոսը։ Իսկ 5-ից 10 տոկոս ձայն ստացած ցուցակներում ընդգրկված թեկնածուները կարող են փոխադարձ համաձայնությամբ միանալ այլ ցուցակների։
Քաղաքային խորհուրդները, և համապատասխանաբար նաև քաղաքապետերը, ընտրվում են վեց տարի ժամկետով։
Չնայած ՏԻՄ ընտրություններն անմիջական ազդեցություն չունեն նախագահական ընտրությունների արդյունքների վրա, դրանք կարող են ազդել քաղաքական ուժերի դիրքերի և հանրային աջակցության վրա։
Մասնավորապես, խոշոր քաղաքներում հաղթանակը կուսակցությունների ներկայացուցիչներին տալիս է կարևոր քաղաքական հարթակ։ Փարիզի կամ Մարսելի քաղաքապետի պաշտոնը մշտապես գտնվում է հանրային և քաղաքական ուշադրության կենտրոնում։
Միաժամանակ կարևոր դեր ունեն նաև փոքր և միջին քաղաքները։ Օրինակ՝ «Ազգային միավորում» կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, որտեղ ծայրահեղ աջ քաղաքական ուժերը վերջին տարիներին ավելի մեծ աջակցություն են ստացել։
Բացի այդ, ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածը կարող է ցույց տալ, թե որքանով են հնարավոր քաղաքական դաշինքներ տարբեր ուժերի միջև։ Մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե արդյոք սոցիալիստներն ու ծայրահեղ ձախ «Անզուսպ Ֆրանսիա» կուսակցությունը, ինչպես նաև աջ և ծայրահեղ աջ ուժերը կկարողանան համագործակցել որոշ քաղաքներում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս ընտրությունների արդյունքները կարող են ազդակ դառնալ Ֆրանսիայի քաղաքական ուժերի համար՝ 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։