Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Վալերիյ Օսիպյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 19-ին վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով ներկայացրած հայցը, ընդդեմ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանի և Լուսինե Թորոսի Թադևոսյանի։ Գործը նույն օրը հանձնվել են դատավոր Կ․Բադալյանին։ Այս մասին Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ «Օրենսգիրք») 121, 122-րդ հոդվածների և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների պահպանմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում, առկա չեն Օրենսգրքի 126 և 127-րդ հոդվածներով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր, հետևաբար հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունելու:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումը ներկայացվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում դատարանը կայացնում է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124, 125, 199-200-րդ հոդվածներով.
Դատարանը որոշել է՝
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Մ.Տոնեյանի հայցադիմումն ընդդեմ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանի, Լուսինե Թորոսի Թադևոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, – տեղեկացնում է  Iravaban.net-ը։

Leave a Comment