
2026 թ. լրանում է Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակը։
1946 թ. աշխարհահռչակ հայ գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ ստեղծված գիտական կենտրոնում իրականացվել են կարևորագույն գիտական հետազոտություններ։
Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը հիշենում է, որ հենց այստեղ է 1947թ. Վիկտոր Համբարձումյանը հայտնաբերել աստղասփյուռները։
Նրա հայտնագործությունն էականորեն փոխել է աստղերի առաջացման մասին գիտական պատկերացումները՝ ապացուցելով, որ աստղերը ծնվում են խմբերով, աստղառաջացման գործընթացը չի դադարում, այն շարունակվում է նաև այսօր։
Այստեղ իրականացվել են նաև համաշխարհային նշանակության ծրագրեր, որոնցից առավել հայտնի է Առաջին բյուրականյան շրջահայությունը (Մարգարյանի շրջահայությունը)։ Հայտնաբերված գերմանուշակագույն հազարավոր գալակտիկաներն այսօր էլ հայտնի են որպես Մարգարյանի գալակտիկաներ։ Այս դիտողական նյութը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգության ցանկում։
Այսօր Բյուրականի աստղադիտարանը շարունակում է իր գիտական, կրթական և հանրային առաքելությունը՝ լինելով Հայաստանի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկը։