Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշել է, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։
Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստել է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։
Նա նշել է, որ վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական է, անգամ շատ իրատեսական։ Գործընթացը միանգամայն թափանցիկ է։
Երբ Արփինե Սարգսյանը, որպես գլխավոր բանակցող, ստացել է գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հրապարակվել է ՆԳՆ կայքում՝ ինչպես բնօրինակով, այնպես էլ հայերեն թարգմանությամբ։
Մայիսին կհրապարակվի առաջին առաջընթացի զեկույցը, որտեղ նկարագրվելու են կատարված աշխատանքները, սահմանված հենանիշներից իրավական շրջանակին վերաբերող պահանջների հասցեագրումը, և այս փաստաթուղթը ևս հրապարակային է լինելու։
Քաղաքացիները տեսնելու են՝ ինչ ծավալի աշխատանք է տարվել՝ միգրացիայի և քաղաքացիության և սահմանների համալիր կառավարման ռազմավարության հայեցակարգեր, ապաստանի և փախստականների, օտարերկրացիների մասին օրենքների փոփոխություններ, Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենք, Անձը հաստատող փաստաթղթերի մասին նոր օրենք, և ի վերջո նոր կենսաչափական ծավալուն ենթակառուցվածքի ձևավորում։
Նախարարը նշել է, որ կատարվող աշխատանքները զուտ գործողության ծրագրից չեն բխում, այլ Կառավարության հանձնառությունն են, բարեփոխումների օրակարգն է։ Նա ընդգծել է, որ վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, արժանապատիվ ճամփորդելու, ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է։
Կոտրվելու է այն կարծրատիպը, որ ճամփորդելը դժվարհասանելի բան է կամ միայն ֆինանսապես ապահովված մարդիկ են ճամփորդում։ Վիզաների քաշքշուքից ազատվելու են քաղաքացիները, միաժամանակ ավիացիոն շուկան էլ արդեն իսկ անհամեմատ ազատականացված է, թռիչքները՝ մատչելի։
Անդրադառնալով գործողությունների ծրագրի կատարման հնարավոր ժամկետներին՝ Սարգսյանը նշել է, որ ներքին հանձնառություն կա աշխատանքների կատարել 2-3 տարում, քանի որ պահանջների կատարման մի մասն արդեն ընթացքի մեջ են, ինչպես կենսաչափական անձնագրի ներդրումը։
2026 թ-ի աշնանը կմեկնարկի փաստաթղթերի տրամադրումը քաղաքացիներին, ծառայությունների մատուցման այնպիսի շեմ կսահմանվի, որ հասարակություն նույնիսկ չի հիշի, թե անձնագրային գործարքների ինչ բացասական էմոցիաներ է ունեցել տասնյակ տարիներ շարունակ