Տեսանյութ. Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել

Հակակոռուպցիոն դատարանի բակից գործարար Սամվել Կարապետյանի մի քանի աջակիցներ բերման են ենթարկվել։

Մասնավորապես, ՆԳՆ Ոստիկանությունից ԶԼՄ-ներին հայտնեցին, որ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում:

Հավելենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ են հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու գործարարին: Այստեղ են նաև Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը, նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դատարանն այս պահին քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Տեղում բազմաթիբվ ոստիկաններ կան:

Հիշեցնենք, որ այսօր «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում համաժամանակյա բողոքի ակցիաներ են կայացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Infoport

Leave a Comment