Հայաստանում ավելացել են ֆինանսական զեղծարարությունների դեպքերը։ Դրանց մեթոդներն ու սխեմաները պարբերաբար փոխվում են, բայց նպատակը մնում է նույնը՝ խարդախությամբ հափշտակել քաղաքացիների անձնական տվյալներն ու բանկային հաշիվները։ Կենտրոնական բանկը պարբերաբար զգոնության, ֆինանսական անվտանգության կանոնները պահպանելու կոչեր է անում։ Այս հորդորներին զուգահեռ հուլիսի 1-ից կներդրվի նոր գործիք, որի միջոցով քաղաքացիները կկարողանան մեկ հպումով կանգնեցնել առցանց ֆինանսական գործարքները։
Հայաստանում, առանց քաղաքացիների իմացության, բայց նրանց անձնական տվյալներով հաճախ են ֆինանսական գործարքներ կատարվում։ Քաղաքացիները խարդախության կամ զեղծարարություն զոհ են դառնում՝ ֆինանսական լուրջ կորուստներ ունենալով։
«Իմ խնայողական հաշվից են գումար տարել 1 մլն 250 հազար դրամի չափով և ձևակերպել են վարկ 650 հազար դրամի չափով»։
Այս կինն իր անունով ձևակերպված վարկերի, բացված խնայողական հաշիվների և զրոյացված ավանդների մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ բանկից ծանուցում է ստացել իր վարկի հաստատման վերաբերյալ։
«Իմ անունով վարկ են հաստատել․ ես վարկի մասին իմացել եմ էլեկտրոնային փոստին եկած նամակի միջոցով»։
Զեղծարարության սխեմաներն ու մեթոդները տարբեր են, իսկ նպատակը՝ մեկը՝ խաբեությամբ ձեռք բերել այլ քաղաքացիների անձնական տվյալները, որից հետո զեղծարարի առջև կբացվեն քաղաքացու բանկային հաշիվների դռները։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ միայն 2025 թ. առաջին եռամսյակում զեղծարարության զոհ է դարձել ավելի քան 400 քաղաքացի։
Գլխավոր դրամատունը նոր գործիք է մշակել, որի օգնությամբ 2026 թվականի հուլիսի 1-ից քաղաքացիները կկարողանան մեկ հպումով արգելափակել առցանց իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգի և կազմակերպության կայքի միջոցով։
«Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո»։
Ըստ ֆինանսական ոլորտի պատասխանատուների՝ այս որոշմամբ քաղաքացիները կկարողանան ավելի արդյունավետ կառավարել իրենց անունով կատարվող ֆինանսական գործառնությունները և ավելի պաշտպանված լինել զեղծարարություններից։
Հուլիսի 1-ից ֆինանսական գործարքների արգելման գործիքը պարտադիր կլինի նաև ֆինանսական կազմակերպությունների համար, որոնք ծառայություններ են տրամադրում հեռավար եղանակով, այդ թվում՝ առևտրային բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային ընկերությունների։
Սոցիալական հարթակներում քաղաքացիները ԿԲ–ի մշակած գործիքն օգտակար են համարում։ Նրանցից մեկը, մասնավորապես , գրում է․
«Վերջապես ՀՀ քաղաքացին կունենա իրավունք՝ իր կամքից անկախ չսնանկանալու։ Այլևս չեմ անհանգստանում, որ երեխաներիս տրված քարտն ու բենքինգը կարող են ինձ սնանկացնել։ Այլևս չեմ անհանգստանում, որ ծեր ծնողներիս խաբեությամբ կստիպեն ընկնել ֆինանսական փոսի մեջ»
Ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի մասին են վկայում Կենտրոնական բանկի վերջին ուսումանսիրությունները, ըստ որոնց՝ զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։
ԿԲ-ն զգուշացնում է է, որ զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։
Մեկ այլ հետազոտության արդյունքում էլ պարզվել էր, որ հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորում իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։
Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է։