Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին իսկ օրերից Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։ Թել Ավիվը վստահեցնում է, որ հրթիռակոծում է այն տարածքները, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ»–ի ուժերը։ Իսրայելի հարվածներից զերծ չի մնում նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում։ Ի՞նչ վիճակում են մեր հայրենակիցները, արդյո՞ք վտանգված է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը․այս հարցերի շուրջ «Ռադիոլուր»–ը զրուցել է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ։
Իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նաբաա թաղամասին, որը կպած է հայաբնակ Բուրջ Համուդին։ Բարեբախտաբար հայերի շրջանում տուժածներ չկան՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը․
«Բուրջ Համուդի մեջ հայերի թիվը այսօր մեծ չէ։ Հայերի բաց թողած տեղերը ժամանակի ընթացքում լցվել են իսլամներով՝ քրդերով, սիրիացի փախստականներով, տեղացի շիաներով։ Այդ շիաները եկել ու հաստատվել են Բուրջ Համուդում։ Մեր մտահոգությունն այն է, որ այս անմեղ շրջանի մեջ հնարավոր է լինեն «Հեզբոլլահ»–ին կապակցված պատասխանատուներ, որովհետև այս շրջանը համեմատաբար ավելի ապահով է, հնարավոր է՝ եկած լինեն, բայց, ըստ երևույթին, Իսրայելի աչքից չի վրիպել դա։ Հնարավոր է՝ թիրախավորվել է մի բնակարան, որտեղ ապաստանում էր «Հեզբոլլահ»–ի պատասխանատուներից որևէ մեկը։ Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա, քանի որ հայերով բնակեցված շենք չէր, բայց դա չի նշանակում, որ այսպես կմնա իրավիճակը, այս հարցը կարող է բարդանալ»։
Սևակ Հակոբյանը չի բացառում, որ թիրախում հայտնվեն այն շենքերը, որտեղ հայեր են բնակվում, քանի որ Լիբանանի վտանգավոր հատվածներից, որոնք հրթիռակոծում է Իսրայելը, շիա բնակչությունը տեղափոխվում է համեմատաբար ավելի հանգիստ շրջաններ, և հայաբնակ Բուրջ Համուդը դրանցից մեկն է․
«Հնարավոր է՝ որևէ շենքի առաջին հարկում ապրող հայ բնակչի վերևի հարկում մի շիա ընտանիք որպես փախստական տեղափոխվի, որի քաղաքական կամ ռազմական պատկանելիությունը պարզ չլինի, և ինքը թիրախավորված լինի։ Այդ դեպքում բնականաբար կթիրախավորվեն տվյալ շենքի այլ բնակիչները ևս»։
Ընդհանուր առմամբ Լիբանանում տիրող իրավիճակը մտահոգիչ է լիբանանահայերի համար, քանի որ պարզ չէ, թե ինչ իրադարձություններ կարող են լինել, և թե ինչ թիրախներ կընտրվեն հարվածների համար․
«Ողջ Լիբանանի մակարդակով անհամ իրավիճակ է։ Չնայած որ լիբանանցին, նաև տեղի հայ համայնքը վարժված են այս պատերազմական իրավիճակին և կարող են ռմբակոծված շրջանով հանգիստ անցնել, հատկապես որ թիրախները Իսրայելը նախապես հայտարարում է, ինչը տարօրինակ է մի քիչ, բայց դա չի նշանակում, թե կյանքը բնականոն է ընթանում․ շուկաները դատարկ են, մարդիկ տներից փորձում են դուրս չգալ»։
Լիբանանին Իսրայելը սկսեց հարվածել Իրանի դեմ պատերազմ սկսելուց հետո՝ թիրախավորելով լիբանանյան «Հեզբոլլահ»-ին։
Լիբանանի ժողովրդին աջակցելու նպատակով Բեյրութ մեկնած ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը X սոցիալական հարթակում գրել է․
«Ես հենց նոր վայրէջք կատարեցի Բեյրութում՝ Լիբանանի ժողովրդին համերաշխություն հայտնելու։ Նրանք չընտրեցին այս պատերազմը։ Նրանց ներքաշեցին դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես կանենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ խաղաղ ապագայի համար, որին Լիբանանն ու տարածաշրջանը այդքան արժանի են»։
Ավելի վաղ նա կոչ էր արել հակամարտող կողմերին լարվածությունը թուլացնելու երկխոսության միջոցով։