Ըստ Բեգոյանի՝ բնության մեջ ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ ծառը. թեղիները կփոխարինվեն սաֆորաներով. «Էկոսֆերա»

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետը նոր սարքի օգնությամբ ցույց է տալիս Պռոշյան փողոցի թեղիների առողջական վիճակը՝ փաստելով, որ դրանք «հիվանդ են»։ Կառույցի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողներին մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը.

«Թեղի ծառատեսակները Երևանում տնկվել են 1940-50-ական թվականներին։ Այդ ժամանակ քաղաք են ներկրվել նաև արժեքավոր տեսակներ՝ սոսիներ, կաղնիներ և այլն։ Սակայն տնկանյութի մեծ ծավալի անհրաժեշտության պատճառով, հավանաբար միջոցների սղության հետևանքով, Իջևանի մոտակայքում գտնվող Թեղուտ վայրից բազմաթիվ թեղիներ են բերվել ու տնկվել Երևանում։ Դրանք նախատեսված են եղել որպես ժամանակավոր լուծում՝ 30-40 տարվա համար։ Քաղաքային պայմաններում թեղու կենսունակության տարիքը շուրջ 50 տարի է, մինչդեռ Երևանում դրանք արդեն 70-80 տարեկան են»։

Բեգոյանի խոսքով՝ նեմատոդային որդերը քայքայել են ծառերը, և Երևանի սուղ կանաչ տարածքների պայմաններում հնարավոր չէ անտեսել կանաչ ֆոնդի խնդիրները։ Հարցին, թե ինչ ծառատեսակներով կփոխարինվեն թեղիները, ՀՈԱԿ-ի ղեկավարը պատասխանեց.

«Ճապոնական սաֆորա: Երևանում սաֆորաներն աճում են արդեն ավելի քան 50 տարի և իրենց շատ լավ են դրսևորել. դրանք կայուն են հիվանդությունների հանդեպ և ավելի երկարակյաց են, քան թեղիները»։

Տնօրենը նաև հավելեց, որ վերջին տարիներին Երևանում հիմնվել է 7 «ուրբան անտառ», ինչն աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Ծառերի փոխարինման աշխատանքներ կիրականացվեն նաև մայրաքաղաքի այլ փողոցներում։

Leave a Comment