Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։

Նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը մեր երկու երկրների միջև»:

Շվեյցարիայի ԱԳ նախարար Կասիսն ընդգծել է. «Դաշնային մայրաքաղաքում ներկայությունը հնարավորություն կտա առավել սերտ համագործակցություն զարգացնել մեր հաստատությունների միջև և էլ ավելի ամրապնդել հարաբերությունները մեր երկու երկրների միջև:

Բազմաթիվ ավանդույթներում նոր տունն ընդունված է դիմավորել աղ ու հացով. հացը խորհրդանշում է կայունությունն ու շարունակականությունը, իսկ աղը՝ համն ու ավանդաբար նաև պաշտպանությունը։

Այս ոգով սիրով հրավիրում եմ ձեզ բոլորիդ՝ մեզ հետ կիսելու աղն ու հացը»։

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները և միջոցառման հյուրերը կիսել են դեսպանությունում մատուցված «աղն ու հացը»:

Leave a Comment