Axios-ը գրում է, որ G7-ի առաջնորդների հետ ունեցած վիրտուալ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը «հանձնվելու շեմին է»՝ պնդելով, որ Թեհրանում այլևս չկան ղեկավարներ, որոնք ի վիճակի են որոշումներ կայացնել։
Չնայած Թրամփի հավաստիացումներին, թե ինքը «ոչնչացրել է բոլորին սպառնացող քաղցկեղը», իրականությունը ռազմաճակատում շարունակում է մնալ խիստ լարված։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ում Թրամփը որակել է որպես «թեթև քաշային», կոչ է արել շարունակել դիմադրությունը և սպառնացել նոր ճակատներ բացել։
Այս լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ավիաբազայում հնչել են տագնապի ազդանշաններ, երբ դաշնակցային ուժերը Թուրքիայի երկնքում որսացել են իրանական երկու բալիստիկ հրթիռ, ինչը վերջին հինգ օրվա ընթացքում նմանատիպ արդեն երկրորդ միջադեպն է։
Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակումը նավթի գները բարձրացրել է 100 դոլարի սահմանագծից, ինչը ստիպել է Վաշինգտոնին գնալ անսպասելի քայլի։ Չնայած G7-ի դաշնակիցների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի կոշտ առարկություններին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման մասին՝ համաշխարհային շուկան կայունացնելու նպատակով։
Այս որոշումը շատ վերլուծաբաններ դիտարկում են որպես Թրամփի վարչակազմի ռազմավարական նահանջ, քանի որ էներգետիկ ճգնաժամի ճնշումը ստիպում է Սպիտակ տանը զիջումներ անել Մոսկվային։
Միևնույն ժամանակ, Թեհրանը փորձում է ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակում. Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են BRICS-ի դերը տարածաշրջանային կայունության հարցում՝ կոչ անելով դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները։
Վաշինգտոնը, սակայն, հրաժարվում է հստակ ժամկետներ նշել պատերազմի ավարտի համար՝ պնդելով, որ անհրաժեշտ է «ավարտին հասցնել գործը»՝ հետագա հակամարտություններից խուսափելու համար։
