13 մարտի 2026 – 13:59 AMT
PanARMENIAN.Net – Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստից առաջ նրա ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց։
Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջել են դադարեցնել, իրենց խոսքով, «անօրինական գործողությունները», որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Նրանք հավաքին եկել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» և «Ազատություն Հայաստանի Հանրապետությանը» կարգախոսներով, հայտնում է «Ազատությունը»:
«Ուժեղ Հայաստանի» անդամները պնդել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին նախատեսված ընտրություններում չի վերարտադրվելու և այժմ «փորձում է լռեցնել իր ընդդիմախոսներին՝ նրանց նկատմամբ կալանք կիրառելով»:
Իշխանությունները նախկինում բազմիցս հերքել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին պնդումները և նաև մերժել են այն գնահատականը, թե Կարապետյանի կալանավորումը քաղաքական պատճառներով է պայմանավորված։
Կարապետյանի թիմակիցները նաև Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են տեղադրել՝ իրենց աջակցությունը հայտնելով «Տաշիր կապիտալի» սեփականատիրոջը։ Ավելի ուշ այդ պաստառները հեռացվել են։
Սամվել Կարապետյանը մեղադրյալի կարգավիճակ է ստացել անցած տարվա հունիսին այն բանից հետո, երբ հայտարարել է, որ իշխանությունների թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» կպաշտպանի։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչերից բացի, նրան մեղադրանք է առաջադրվել նաև փողերի լվացման հոդվածով։ Գործարարը շուրջ յոթ ամիս պահվել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, իսկ այժմ գտնվում է տնային կալանքի տակ։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին մերժել է գործարարի փաստաբանների ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը։
Կարապետյանի թիմակիցները հայտարարել են, որ գործարարը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է, թեև փաստացի նա չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ մի քանի երկրների քաղաքացիություն ունի։ Կուսակցությունը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է Սահմանադրական փոփոխությունների միջոցով վերացնել այդ սահմանափակումը։