Սամվել Կարապետյանի աջակիցները կառավարության շենքի մոտ պահանջում են նրան ազատ արձակել (լրացվող)

Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեմ բողոքի հարցով դատական նիստին ընդառաջ նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:

Ակցիայի մասնակիցները վարչապետից պահանջում են վերջ տալ «անօրինական գործողություններին, որ Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ»: «Ազատություն Սամվել Կարապետյանին», «ազատություն Հայաստանի Հանրապետությանը»՝ այս կարգախոսներով են նրանք եկել այստեղ:

«Ուժեղ Հայաստանի» անդամները վստահ են՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում չի վերընտրվելու, իսկ հիմա փորձում է լռեցնել իր ընդդիմախոսներին՝ նրանց կալանավորելով:

Իշխանությունները նախկինում բազմիցս հերքել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը և հերքել, թե Կարապետյանը կալանավորվել է քաղաքական նկատառումներով:

Վերջինիս թիմակիցներն այսօր նաև Երևանի այլ հատվածներում պաստառներ են կախել՝ իրենց աջակցությունը հայտնելով «Տաշիր կապիտալի» սեփականատիրոջը: Պաստառներն այնուհետև հեռացվել են:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեաղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ է:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարտի 5-ին մերժեց գործարարի փաստաբանների ներկայացված բողոքը՝ նրան տնային կալանքը տակ թողնելով:

Կարապետյանը «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն է:

Leave a Comment