ԱՄՆ-ն թուլացնում է Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները

ԱՄՆ-ն թուլացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել երկրներին գնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական նավթն ու նավթամթերքները՝ փորձելով նվազեցնել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի տնտեսական հետևանքները:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ դա ժամանակավոր միջոց է պատերազմի ժամանակ համաշխարհային էներգետիկ շուկաներում կայունության խթանման համար: Թույլտվությունը կգործի մինչև ապրիլի 11-ը:

«Այս խիստ մասնագիտացված կարճաժամկետ միջոցը կիրառվում է միայն նավթի նկատմամբ, որն արդեն ճանապարհին է և էական ֆինանսական օգուտ չի բերի Ռուսաստանի կառավարությանը», – ասել է Բեսենտը:

Պարսից ծոցում նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները և Հորմուզի նեղուցով կենսական ուղու փաստացի փակումը ցնցել են համաշխարհային էներգետիկ շուկաները:

Հինգշաբթի օրը նավթի գները կրկին բարձրացել են մեկ բարելի դիմաց 100 դոլարից ավելի, իսկ ֆոնդային շուկաները նվազել են այն բանից հետո, երբ Պարսից ծոցում ևս երեք բեռնատար նավ է տուժել: Իրանի նոր գերագույն առաջնորդն էլ խոստացել է շարունակել արգելափակել նեղուցը:

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացման տակ է ընկնում տարանցման մեջ գտնվող ռուսական նավթի շուրջ 100 մլն բարելը, հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

Նա նշել է, որ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումն ավելի անխուսափելի է թվում՝ չնայած բրյուսելյան բյուրոկրատիայի մի մասի դիմադրությանը:

Leave a Comment