Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:
Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցն էլ (սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից, հասնում Սիլիկյան 7-րդ փողոց) այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը:
Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում կտեղադրվի հայ բանաստեղծի ու ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկի կիսանդրին:
Երևանի ավագանու որոշմամբ նաև մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 %-ով։
«Հրապարակը» հունվարին գրել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելու նախաձեռնությանը։
Սիմոնյանը մահացել էր 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ 100 տարեկան հասակում։ Հունվարի 27-ին «Սինեմա Պարկ Մոսֆիլմ» համերգային համալիրում տեղի էր ունեցել Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի պրեմիերան, որը պատմում է Սիմոնյանի մասին։
