Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ից դուրս գալու որոշմանը։ Եթե խորհրդարանը կողմ քվեարկի նախագծին, Մոլդովան կառույցը կլքի12 ամսվա ընթացքում։
Երկրի վարչապետն ու նախագահը նշել են, որ կողմ են Ռումինիայի հետ միավորվելուն։
ԱՊՀ-ն այժմ ունի 9 անդամ, և եթե Մոլդովան դուրս գա կազմակերպությունից, կհամալրի կառույցը 2009-ին լքած Վրաստանի և ԱՊՀ ասոցացված պետության կարգավիճակից հրաժարված Ուկրաինայի շարքերը։
Մոլդովայի կառավարությունը կողմ է արտահայտվել ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերը չեղյալ հայտարարելուն, ինչը թույլ ը կտա սկսել կազմակերպությունից երկրի դուրս գալու գործընթացը:
Խոսքն անդամակցության հիմք հանդիսացող երեք համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման մասին է։
Գործադիրի չեղարկումից հետո հարցը կքննարկվի խորհրդարանում, որից հետո կներկայացվի նախագահի հաստատմանը։
Այս քայլերից հետո Մոլդովայի իշխանությունները կտեղեկացնեն ԱՊՀ գործադիր կոմիտեին, և 12 ամսվա ընթացքում երկրի մասնակցությունը կազմակերպությանը կդադարեցվի։
Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը «կարևոր քայլ» էր համարել երկրի եվրոպական կողմնորոշումն ամրապնդելու գործում: Նա նշել էր, որ Քիշնևն արդեն չեղյալ է հայտարարել ԱՊՀ-ի հետ ստորագրված 283 համաձայնագրերից 71-ը, մոտ 60-ը չեղարկման փուլում է:
«Մոլդովան մտադիր չէ հրաժարվելու այն համաձայնագրերից, որոնք տնտեսական օգուտներ են բերում կամ կարևոր գործնական նշանակություն ունեն քաղաքացիների համար, քանի դեռ դրանք չեն հակասում եվրոպական ուղուն»։
Դեռ այս տարվա հունվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ կողմ կքվեարկի Ռումինիայի հետ միավորվելու օգտին, եթե նման հանրաքվե անցկացվի։ Նա իր դիրքորոշումը հիմնավորել էր Մոլդովան Ռուսաստանի ճնշումներից պաշտպանելու ցանկությամբ։
Միևնույն ժամանակ Սանդուն նշել էր, որ բնակչության մեծամասնությունը համաձայն չէ իր մոտեցմանը։ Նրա համոզմամբ՝ Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին ավելի իրատեսական սցենար է համարվում։ Հարցումները վկայում են, որ մոլդովացիների միայն մեկ երրորդն է աջակցում Ռումինիայի հետ միավորման գաղափարին։
Մոլդովայի ներկայիս կառավարությունը նպատակ ունի անդամակցելու Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Սակայն դրան հասնելու համար Քիշնևը պետք է իրականացնի մի շարք բարդ բարեփոխումներ՝ գրում է DW-ն։
Եթե Մոլդովան լքի ԱՊՀ–ն, կհամալրի այդ քայլն արած Վրաստանի և այս կազմակեչրպության ասոցացված անդամի կարգավիճակը լքած Ուկրաինայի շարքերը։
Հայաստանում նույնպես այս թեման տևական ընթացք շրջանառության մեջ էր։ Սակայն վերջին զարգացումները կառույցի հետ հարաբերությունները խզելու մասին չեն։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանում 2026թ-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական գործունեություն ծավալելու հրավեր է ստացել։
Հրավերն ուղարկել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Դեռ նախորդ տարի ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հստակեցրել էր՝ ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու մասին որևէ ազդակ չեն ստացել։
«Ես լիովին բացառում եմ այդ տարբերակը։ Ոչ մի ազդակ, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից, մենք չունենք»։
Լեբեդևը նկատել էր նաև, որ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ տարբեր ձևաչափերի։
ԱՊՀ-ն ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Կառույցի բոլոր անդամները նախկին խորհրդային պետություններ են։ Նրանցից 10–ն ուներ լիարժեք, 2-ը՝ ասոցացված անդամի կարգավիճակ։
Բալթյան երկրներն ի սկզբանե հրաժարվել էին անդամակցությունից։
Այսօր ԱՊՀ կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Մոլդովան։