Թբիլիսիում լայնորեն քննարկում են Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում Վրաստանի մասին հայտարարությունը

Վրաստանի քաղաքական դաշտում քննարկում են Հայաստանի վարչապետի՝ Եվրախորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Վրացի փորձագետներից շատերն են ողջունում Փաշինյանի քայլը՝ այն համարելով հույս Վրաստանի եվրաինտեգրման վերսկսման ուղղությամբ։  

Սոցիալական ցանցերի վրացական էջերում տարածվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհդարանում արած հայտարարությունը՝ շնորհակալական մեկնաբանություններով։ Ըստ տարատեսակ ձևակերպումների՝ «Փաշինյանը մտածում է նաև Վրաստանի ու ողջ տարածաշրջանի եվրոպականացման մասին»։

Դիվանագիտական քայլ՝ Փաշինյանի հայտարարությունն այսպես է մեկնաբանում միջազգային հարցերով վիրահայ փորձագետ Գիորգի Թումասյանը․

«Հայաստանի վարչապետը ճիշտ դիվանագիտական քայլ արեց՝ արձանագրեց խնդիրը, որը Վրաստանը Հայաստանի եվրաինտեգրման գլխավոր խոչընդոտն է։ Այս քայլն օգնում է թեման նման մակարդակով ևս մեկ անգամ բարձրաձայնել Բրյուսելի ուշադրությունը պահելով Վրաստանի վրա։ Մյուս կողմից սա նաև պարզաբանում է, որ Վրաստանում աճող ռուսական ազդեցությունը ստեղծում է լրջագույն խնդիրներ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Հայաստանի եվրոպական ապագայի համար»։

Հայաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում, մասնավորապես, ասել է՝ Եվրամիությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Նրա խոսքով՝ Վրաստանը Հայաստանի համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և Հայաստանը Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեց, երբ Թբիլիսին եվրանդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ․

«Սա Հայաստանի եվրանդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի, և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,-նշել է Փաշինյանը։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին, անդրադառնալով թեմային, նշում է, որ Հայաստանի եվրաինտեգրման երկու կամուրջ կա՝  Վրաստանով կամ Թուրքիայով։ Վերջինիս հետ հարաբերությունների կարգավորումը, ըստ նրա, ժամանակատար է, դեռևս՝ խրթին։

«Երբ խոսում ենք Վրաստանի օգնությամբ կամ Վրաստանով Հայաստանի եվրոպականացման մասին, ապա ամեն ինչ պարզ է՝ որքան խորը լինեն Թբիլիսի-Բրյուսել-Վաշինգտոն հարաբերությունները, այնքան Հայաստանի համար դյուրին կլինի շարունակել եվրաինտեգրման ուղին»։

Մելաիշվիլիի դիտարկմամբ՝ իշխող «Վրացական երազանք»-ն ընդունած վիճահարույց համարվող օրենքների և հակաեվրոպական հռետորաբանության կողքին վերջին շրջանում, այդուհանդերձ, փորձեր է անում Բրյուսելի հետ որևէ կապ հաստատելու ուղղությամբ։

«Ուստի ես, հաշվի առնելով մինչ Ստրասբուրգ Փաշինյանի այցը Վրաստան, չեմ  բացառում, որ հարցը բարձրացնելու խնդրանք միգուցե եղած լինի Վրաստանի կողմից»։  

Մինչ Վրաստանում քննարկում են՝ արդյոք պաշտոնական Թբիլիսի՞ն է խնդրել Փաշինյանին միջնորդի դեր կատարել Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններում, Փաշինյանը Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց․

«Վրացական կողմից խնդրանք կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից մենք ընդհանուր օրակարգեր ունենք, որոնց շուրջ աշխատում ենք։ Ես իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետև իսկապես, մենք մտահոգված ենք այն իրավիճակով, որ կա ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում, դա մեզ անհանգստացնում է»։

Մինչև Ստրասբուրգ այցը Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Վրաստանում էր։ Նա իր ելույթում մի կարճ ակնարկ էր արել այս հարցով․

«Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը։ Այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք, և ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել,  որոշակի արդյունքներ արձանագրել»։

Վրաստանի իշխանությունները արձագանքել են Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում արած հայտարարությանը։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նկատել է՝ Փաշինյանի ուղերձը վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Վրաստանն ունի իր սեփական հարաբերությունները ԵՄ-ի հետ, և Բրյուսելը շատ լավ գիտի, թե ինչ պետք է անի Վրաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար։

Վրաստանի իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Թոռնիկե Ճեիշվիլին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց․ «Իմ կարծիքով, Հայաստանի վարչապետը հայտարարությունն արել է իր երկրի տեսանկյունից՝ ելնելով սեփական շահերից։ Սակայն կա կոնկրետ ուղերձ․ Հայաստանի վարչապետը նրբանկատորեն ազդանշան է տվել եվրոպական բյուրոկրատիային, որ Վրաստանի նկատմամբ անարդար վերաբերմունքն ու տարբեր տեսակի հարձակումները պետք է վերանայվեն»։

Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունները վատթարացել են Վրաստանի խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո, սակայն հակասությունները խորացան, երբ խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի իշխանությունները հայտարարեցին եվրամիությանն անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։

Բրյուսելի հետ լարված հարաբերությունները պահպանվում են, Թբիլիսիից երբեմն հնչում է հակաեվրոպական հռետորաբանություն, իսկ քաղաքացիները շարունակում են եվրոպամետ ցույցեր։ Բրյուսելն օրերս կասեցրեց առանց վիզայի ուղևորությունները Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

Leave a Comment