12 մարտի 2026 – 17:19 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է բարելավել տարածաշրջանի տնտեսական զարգացումը և նպաստել կայունության ու անվտանգության ամրապնդմանը։ Այդ մասին Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելն ասել է Բաքվում:
Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի մասին որոշումը չափազանց համարձակ քայլ էր, գրում է APA-ն:
«Ես վճռականորեն աջակցում եմ այս խաղաղության համաձայնագրի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին, որովհետև կարծում եմ, որ այս համաձայնագիրը շատ ամուր հիմք կստեղծի տարածաշրջանում կապերի զարգացման համար և կբարելավի տնտեսական զարգացումը։
Միևնույն ժամանակ, շնորհիվ ավելի մեծ կայունության և անվտանգության, այն կբարելավի մարդկանց բարեկեցությունը և կստեղծի հնարավորություններ տարբեր նախագծերի իրականացման համար»,- ասել է Միշելը։
Շառլ Միշելը «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի անդամներից էր, որը շնորհվել է ՀՀ վարաչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության հաստատման համար։
Մարուքյանն, անդրադառնալով այդ փաստին, գրել էր․ «Եթե Շարլ Միշելի տեսլականը էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։ Իմ հիշողություններում Շառլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողը անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։