Ավանեսով. Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը

Ավանեսով. Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը

12 մարտի 2026 – 18:12 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանը համակարգված ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

Նրա փոխանցմամբ՝ 2026 թվականի մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում xanabat muhavizə օգտատերը տեսանյութ է հրապարակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից, որտեղ, ըստ երևույթին, ոչնչացվել է 12-րդ դարի խաչքար։

«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը»,– նշել է Ավանեսովը։

Նրա խոսքով՝ այս դեպքը հերթական ապացույցն է այն համակարգված քաղաքականության, որի միջոցով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Նա ընդգծել է, որ նույն ժամանակաշրջանի հուշարձաններn ադրբեջանական պետական քարոզչությունը մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ դրանք ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։

Ավանեսովը նաև նշել է, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային արժեքների ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։

Որպես մեկ այլ օրինակ՝ նա հիշեցրել է, որ 2026 թվականի փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը տեղեկացրել էր Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նկատմամբ իրականացված վանդալիզմի մասին։ Տեղեկությունների համաձայն՝ վնասվել են եկեղեցու բակում գտնվող խաչքարերից առնվազն մեկը, ինչպես նաև պոկվել են եկեղեցու սրբապատկերները։

Ավանեսովը նշել է, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեն, և դրանց ոչնչացումը նպատակ ունի վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները։

Նա ընդգծել է նաև, որ խաչքարերի ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, իսկ նման արժեքների թիրախավորումը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է դիտարկվել որպես լուրջ խախտում և ռազմական հանցագործություն։

Օմբուդսմենի գնահատմամբ՝ արձանագրված բազմաթիվ դեպքերը վկայում են, որ տեղի ունեցողը կարելի է դիտարկել որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանում հայկական պատմական ներկայության հետքերը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment