12 մարտի 2026 – 17:29 AMT
PanARMENIAN.Net – Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն կհամագործակցի 2 հեղինակավոր բուհերի հետ, և որոշումներով հնարավորություն կտրվի կնքել պայմանագրեր: Այդ նպատակով կհատկացվի մոտ 750,000 ֆունտ:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, առաջին պայմանագիրը կկնքվի Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ: Ըստ նախարարի՝ վերջինս QS վարկանշավորման համակարգում ըստ ոլորտների տարիներ շարունակ երկրորդ հորիզոնականում է:
«Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ և այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում, որը մեծապես աջակցելու է մեզ նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործընթացում:
Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, հանդիսանում է կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից: Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- ասել է նախարարը:
Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ:
Համագործակցությունը նախատեսված է 3 փուլով 24 ամիս ժամկետով: Ըստ այդմ՝ նախատեսվում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ՝ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։