Նախօրեին Անգլիայի բանկը հայտարարել է, որ բրիտանական թղթադրամների հաջորդ շարքում կպատկերվեն վայրի կենդանիներ՝ ոզնիներ, գորշուկներ կամ այլ տեղական տեսակներ։
Մինչ այժմ բանկնոտների վրա պատկերվում էին պատմական անձինք. հինգ ֆունտանոց թղթադրամի վրա՝ Ուինսթոն Չերչիլը, տասը ֆունտանոցին՝ գրող Ջեյն Օսթինը, քսան ֆունտանոցին՝ նկարիչ Ջ. Մ. Ու. Թըրները, իսկ հիսուն ֆունտանոցին՝ Ալան Թյուրինգը (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կոդեր վերծանողը)։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն միայն մի քանի տարի հետո։
2025 թվականի ամռանը անցկացվել է լայնածավալ հարցում, որին մասնակցել է 44000 մարդ։ Նրանցից 60%-ը որպես նոր թղթադրամների թեմա ընտրել է «բնությունը», իսկ փոքրամասնությունը՝ 38%-ը, ցանկանում է, որ իրենց դրամապանակներում շարունակեն մնալ պատմական գործիչների պատկերները։
Անգլիայի բանկը հայտարարել է, որ փնտրում է այնպիսի պատկերներ, որոնք խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, արձագանք են գտնում հասարակության մեջ և, ամենակարևորը, չեն առաջացնում վեճեր։ Այնուամենայնիվ, դժվար թե հնարավոր լինի խուսափել հակասություններից։ Ինչպես գրում է Bloomberg-ը, բանկնոտներից ազգային խորհրդանիշների հեռացումը դժգոհություն կառաջացնի, հատկապես պահպանողականների շրջանում, որոնց համար Չերչիլը բրիտանական պատմության առանցքային դեմքերից է։ Պահպանողական պատգամավորներից մեկը անմիջապես այդ գաղափարը՝ պատմական անձանց այլընտրանքներ դիտարկելը, անվանել է «չափազանց քաղաքականապես կոռեկտ»։
2026 թվականի ամռանը նախատեսվում է ևս մեկ հարցում, որտեղ բրիտանացիները կկարողանան ընտրել կենդանիների կոնկրետ տեսակներ։ Շները, կատուները և այլ տնային կենդանիներ մրցույթին չեն մասնակցի։
