Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «Պրոբացիայի ծառայողի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով Պրոբացիայի ծառայողների մասնագիտական հեղինակությունը։ Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը։
Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսի 17-ին ընդունված «Պրոբացիայի մասին» օրենքի հիման վրա։ Այդ օրենքի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությունն իր ուրույն տեղը գտավ հանցագործությունների կանխարգելման և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման նպատակներին հասնելու գործում: Պրոբացիայի ծառայությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և արդարադատության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը:
ՀՀ կառավարության կողմից պետական մարմինների և ծառայությունների գործունեության հանրային և մասնագիտական նշանակությունը բարձրացնելու նպատակով պետական մակարդակով սահմանվել են մի շարք մասնագիտական օրեր։ Մասնավորապես՝ սահմանված են քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների և աշխատակիցների, սահմանապահների, փրկարարների, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների աշխատակիցների մասնագիտական օրեր։
Այդուհանդերձ, չնայած Պրոբացիայի ծառայության դերակատարությանը արդարադատության համակարգում, ինչպես նաև ծառայության կողմից իրականացվող կարևորագույն գործառույթների հանրային և սոցիալական նշանակությանը՝ մինչ օրս Պրոբացիայի ծառայության համար մասնագիտական օր սահմանված չէ։
Հաշվի առնելով նաև, որ առաջիկայում լրանում է Պրոբացիայի ծառայության ստեղծման հոբելյանական 10-րդ տարին՝ ծառայության դերակատարությունն ընդգծելու, պրոբացիայի ծառայողների մասնագիտական գործունեությունն արժևորելու նպատակով՝ «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է դեկտեմբերի 22-ը սահմանել Պրոբացիայի ծառայողի օր: Այս առումով, հարկ է նշել, որ օրվա ընտրությունը պայմանավորված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի ընդունմամբ, որով Պրոբացիայի ծառայությունը դարձել է պետական ծառայության առանձին տեսակ:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նշված նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5․6-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները: