Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական է․ Գոռ Հակոբյան

Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման համար հայտարարված դրամահավաքի ավարտի մասին․

«36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է  մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։

Նա նշեց, պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի։ Դրա մասին կհայտարարի լրացուցիչ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Գոռ Հակոբյանը հայտարարեց, որ որդու՝ Ֆելիքսի  մոտ ախտորոշվել է  Յուինգի սարկոմա հիվանդություն, բազմաթիվ հետազոտություններ են անցել նաև Մոսկվայում, չարաբաստիկ հիվանդությունը հաստատվել է։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բուժում ստանալու համար նա իր ողջ ունեցվածքը հանել է վաճառքի, սակայն ժամանակը շատ քիչ է, այդ պատճառով նա դրամահավաք էր հայտարարել։

Յուինգի սարկոման՝ ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ է, որի վաղ հայտնաբերումը խիստ կարևոր է։ Յուինգի սարկոման առավել հաճախ հանդիպող սարկոմայի տեսակ է դեռահասների և երիտասարդների շրջանում։ Այն հաճախ ախտահարում է ոսկրերը՝ հատկապես ոտքերի, ձեռքերի և կոնքի շրջանում։ Որոշ դեպքերում ներգրավվում են նաև փափուկ հյուսվածքները։ Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի բուժման հաջողության վրա։

Այս քաղցկեղի երկու հիմնական փուլ կա՝

-Տեղային (local)՝ երբ ուռուցքը միայն ոսկրում կամ մոտակա հյուսվածքում է այդ դեպքում բուժման ցուցանիշը հասնում է 70-75%-ի։
-Տարածված (metastatic)՝ երբ քաղցկեղը մետաստազավորվում է հեռակա օրգաններում, այդ թվում թոքերում, այլ ոսկրերում կամ ոսկրածուծում այս դեպքում առողջացման հնարավորությունը խիստ նվազում է՝ հասնելով առավելագույնը 15-30%-ի (երբեմն ավելի ցածր)։

Յուինգի սարկոմայի ամենատարածված ախտանիշներն են՝

-ցավ և այտուց ուռուցքի շրջանում,
-շոշափվող գոյացություն՝ տեղային ջերմության բարձրացումով,
-անհայտ ծագման տենդ կամ կոտրվածքներ։

Leave a Comment