Փաշինյան․ Իմ ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը դիմում գրել՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը սադրանք էր

Փաշինյան․ Իմ ցուցումով է Ցեղասպանության թանգարանի տնօրենը դիմում գրել՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը սադրանք էր

12 մարտի 2026 – 14:00 AMT

PanARMENIAN.Net – Այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման դիմումի մասին հարցին:

«Ես եմ խնդրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով»,- ճեպազրույցում ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է՝ թանգարանի տնօրենը պաշտոնից հեռացվել է վարչապետի պահանջով այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի մասին գիրք և խոսել Արցախի թեմայով, Փաշինյանը պատասխանել է, որ համարել է դա սադրիչ գործողություն:

«Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, խնդրել եմ դիմում գրի: Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

Հայաստանում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի կառավարությունը, և Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությո՞ւն ենք, թե՞ ինքնագործ խմբակ։

Սա պետություն է իր կառավարման տրամաբանությամբ, պետական համակարգով։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Ես կառավարության ղեկավարն եմ, այդ թվում ես եմ, այո»,-ասել է նա:

Նախօրեին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը արդեն ներկայացրել է ազատման դիմում, սակայն այս պահի դրությամբ համապատասխան իրավական ակտ դեռ չի հրապարակվել։

Leave a Comment