
«Իմ ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատման դիմում գրել», – այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ճեպազրույցի ժամանակ նա ուղիղ ասաց, որ պատճառը Արցախի վերաբերյալ Միացալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին գիրք նվիրելն է:
«Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», – հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով. – «Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի»:
«Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա», – ասաց վարչապետը:
Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է այդ պաշտոնից։