Չորս անհիմն պնդում մեկ նախադասության մեջ․ «Առավոտ» – Live News

«Առավոտ»

Երբ որևէ երկրի ղեկավար ելույթ է ունենում https://www.youtube.com/live/ZYcK7wOfDqk?si=iVeTYS8nnP_haUnK  Եվրոպական խորհրդարանում, նա, որքան գիտեմ, սովորաբար անդրադառնում է միջազգային քաղաքականությանը և իր երկրի դիրքորոշմանը այդ քաղաքականության այս կամ այն հարցում: Բայց, հաշվի առնելով ԵՄ-ի և Փաշինյանի, այսպես ասենք, յուրահատուկ հարաբերությունները, Հայաստանի վարչապետն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական կյանքին, բողոքել է հոգևորականներից և ընդդիմությունից, զուգահեռաբար արդարացնելով իր կողմից նախաձեռնած քաղաքական ռեպրեսիաները: Փաշինյանը, մասնավորապես, ասել է հետևյալը: «Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով ՀՀ նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են ՀՀ անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն ու նոր պատերազմ թույլ չենք տալու»։ Այսինքն՝ մեկ նախադասության մեջ հնչել է առնվազն 4 անհիմն պնդում. 

1/ «հոգևորականները ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»,

2/ «իրենց շուրջը հավաքել են ՀՀ նախկին ղեկավարներին», 

3/ «ռուսաստանաբնակ» (Կարապետյան) և «բելառուսամետ» (Ծառուկյան) օլիգարխներն այդ նախկին ղեկավարների հետ կապ ունեն», 

4/ «նրանք փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը»: 

Այդ պնդումներին որևէ ապացույց, բնականաբար, չի բերվում: Բայց, եթե այդ պնդումները նույնիսկ 100 տոկոսով ճիշտ լինեին, դա որևէ ձևով չէր արդարացնի դատարանի որոշումները՝ կարգալույծ քահանաների և եպիսկոպոսի վերաբերյալ, հոգևորականների քրեական հետապնդումը, ինչպես նաև ԱԺ-ի և ՊՆ-ի որոշումները եկեղեցու և ոչ թե ինչ-որ «ռազմատենչ» և «հակաանկախական» հոգևորականների դեմ: Չեմ բացառում, որ հայաստանյան իրողություններին անտեղյակ եվրոպական շարքային պատգամավորները հավատում են Փաշինյանի պնդումներին և անկեղծորեն ծափահարում են դրանց: Իսկ ԵՄ ղեկավարներն, իհարկե, գիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում: Բայց աշխարհաքաղաքական շահերը նրանց համար ավելի կարևոր են:

Արամ Աբրահամյան

Leave a Comment