Երեք նոր խոշոր համայնքներ կձևավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

Կառավարությունը նախատեսում է երեք նոր խոշոր համայնքների ձևավորում Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:

Նախագծի համաձայն՝ Լոռու մարզում Ստեփանավան խոշորացված համայնքը կմիավորի Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները (20 բնակավայր): Սյունիքի մարզում Գորիս համայնքը կմիավորի Տաթև և Տեղ համայնքները (28 բնակավայր), իսկ Վայոց ձորի մարզում Եղեգնաձորին կմիանան Արենի և Եղեգիս համայնքները (32 բնակավայր):

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2016 թվականից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորումից ձևավորվել է 63 համայնք: Փաստաթղթում ընդգծվում է «շրջանային» մոդելի առավելությունը «փնջայինի» նկատմամբ՝ վկայակոչելով 2018-2021 թվականների հանրային քննարկումների արդյունքները, որտեղ բնակչությունը հակված է եղել հենց այդ մոդելին:

Նախագծով նախատեսվում է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ, որոնք կարգավորում են միավորված համայնքներում ավագանու նոր ընտրությունների անցկացման ժամկետները: Միավորվող համայնքների ՏԻՄ-երի լիազորությունները կդադարեցվեն վաղաժամկետ, իսկ նորընտիր ավագանիները լիազորությունները կստանձնեն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ 5-րդ օրը: Ընտրությունների օրը կնշանակի մարզպետը՝ համաձայնեցնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ:

Leave a Comment