Իսրայելական Yenet-ի ռազմական հարցերով մեկնաբան Ռոն Բեն-Իշայը, վկայակոչելով երկրի անվտանգության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցչի, ով չի ցանկացել բացահայտել ինքնությունը, գրել է, որ թեև Իրանի դեմ հարձակումները նշանակալի արդյունքների են հասել, «Երուսաղեմում, հավանաբար նաև Վաշինգտոնում հիասթափված են Պարսից ծոցի արաբական երկրների կեցվածքից»:
Նրա խոսքերով, Իսրայելում և ԱՄՆ-ում այն տեսակետն է «գերիշխել, որ եթե Իրանը հարվածի այդ երկրներին, ապա նրանք կպատասխանեն, մինչդեռ դա տեղի չի ունեցել, չնայած որ նրանք ունեն արդիական սպառազինություններ և տեխնոլոգիական առաջադեմ հնարավորություններ»:
Իր հերթին իսրայելական «13 kanal» հեռուստաընկերության դարձյալ անանուն աղբյուրը խոստովանել է, որ Իրանում «վարչախումբը տապալելու նպատակն իրագործված չէ և մոտ ապագայում հազիվ թե հնարավոր է հասնել դրան»:
Անվտանգության ոլորտի «բարձրաստիճան ներկայացուցիչը» հավելել է, որ Իսրայելին «մնում է շարունակել իրանական ենթակառուցվածքների ոչնչացումը, որպեսզի կրոնապետությունը թուլանա»:
Ներկայացնելով այս գնահատականները, Turkiye իշխանամետ պարբերականը իր կողմից հավելել է, որ պատերազմի տասներկու օրերին «Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մի քանի անգամ դիմել է իրանցիներին, որպեսզի դուրս գան փողոցներ և հրապարակներ ու տապալեն կրոնապետությունը, բայց նրան ոչ ոչ չի արձագանքել»:
Իրանի դե հարձակման առաջին օրը նման կոչ հղել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդուհանդերձ, Իրանում հակաիշխնական, հակակրոնապետական զանգվածային որևէ ցույց չի արձանագրվել:
Այս ֆոնին չափազանց ուշագրավ է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գերգերիօղլուի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին սուր քննադատությունը, որ նա հնչեցրել է Նախիջևանի օդանավակայանի միջադեպի կապակցությամբ Ալիևի կոշտ հայտարարությունից հետո:
Ի պատասխան Միլլի մեջլիսի պատգամավոր Գուլիևը հայտարարել է, որ «եղբայրական Ադրբեջանի նախագահին անհիմն քննադատելու համար Գերգերիօղլուն պետք է զրկվի պատգամավորական մանդատից»:
Այդ առթիվ թուրք խորհրդարանականը սոցիալական հարթակում ծաղրական գրառում է կատարել. «Ամբողջ աշխարհը խոսում է Ալիևի կոռուպցիոն գործերից, թող նա այդ հարցերով զբաղվի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորի մանդատ ինձ տվել է թուրք ժողովուրդը»:
Ըստ երևույթին, Իրանի շուրջ իրավիճակին ուղղակի միջամտության ինչ-որ ծրագիր Ալիևն ունեցել է, բայց Թուրքիան կանխել է: «Շուշիի հռչակագրի» իմաստով Թուրքիան Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է:
Իրանա-ադրբեջանական ռազմական բախման դեպքում Թուրքիան չէր կարող չմիջամտել և Ադրբեջանին չաջակցել, իսկ դա կնշանակեր Իրանին պատերազմ հայտարարել: Առայժմ Էրդողանին, կարծես, հաջողվում է Ալիևին «կառավարել»: Իսրայելի «հիասթափությունը» կատարածվի նաև Ադրբեջանի՞ վրա: