
Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնել է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։
«Ոսկե ծիրան»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 1933֊ին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։
«Ոսկե ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։ «Ոսկե ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով», ասված է հաղորդագրությունում։