Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց դրա գլխավոր դերակատարը օրվա իշխանությունն է ու սատարող պրոպագանդիստները. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։ Տիկի՛ն Կարապետյանց, ձեզ համար նկատելի՞ է հիբրիդային սպառնալիքը, ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը:

– Ցանկացած պետություն ապրիորի ունի հարևան և ոչ հարևան երկրներ, խմբեր, թիմեր, որոնք հետաքրքրված են այդ երկրում ազդեցություն ունենալու հարցում: Բնականաբար Հայաստանը բացառություն չէ, կան բազմաթիվ երկրներ, որոնց թվում, այո՛, Ռուսաստանն է, բայց այստեղ կարելի է ապշել, թե ինչպես մեր հետախուզության փառահեղ ծառայությունները չեն տեսնում նույնանման հիբրիդային հարձակումներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որոնք ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանի չլինելու հարցում: 

Հետաքրքիր է, որ այդ նույն իրենց արևմտամետ ու ժողովրդավար համարող ուժերը թմբկահարում են մեկ երկրից հիբրիդային գործունեություն իրականացնելը, չգիտես ինչու, սկզբունքորեն չեն տեսնում, օրինակ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի միջամտությունը ու հայտարարությունը, որ արվեց Հայաստանում, ճիշտ հակառակը՝ դա ներկայացնում են որպես գործող իշխանությունների փառահեղ հաղթանակ: Նույն այդ մարդիկ չեն տեսնում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հայտարարությունը ու էլի բազմաթիվ հայտարարություններ, որոնք արվում են, փաստացի միջամտություն են մեր ներքին գործերին, ու կարելի է համարել, որ սա հիբրիդային պատերազմ է: 

Ես համաձայն եմ, որ Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց դրա գլխավոր դերակատարը օրվա իշխանությունն է ու իրեն սատարող պրոպագանդիստները, որոնք հանդես են գալիս քաղհասարակության անունից՝ որպես անաչառ դիտորդներ ու փորձագետներ: Նրանք ՀՀ Սահմանադրության, քաղաքացու, մեր Եկեղեցու դեմ իսկապես մղում են հիբրիդային պատերազմ, ինչը ընտրություններին ընդառաջ գնալով խորանալու է: 

– Իսկ այդ օտարերկրյա միջամտությունը ընտրական գործընթացներին, որի մասին խոսվում է, նկատելի՞ է ձեզ համար:

– Բոլոր ժամանակներում Հայաստանում եղել են ուժեր, որոնք ընկալելի են եղել այս կամ այն երկրի համար, բայց լավ չէ, որ այդ ուժերը ներկայացնում են ոչ թե Հայաստանի շահը, այլ՝ օտար երկրներինը, կապ չունի, թե ո՛ր երկիրն է դա: Եթե կան պրոռուսական այդ ուժերը, իսկ դրանք կան, ապա այդ քաղհասարակության կարկառուն դեմքերը ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ևս ներկայացված են՝ ի դեմս ՔՊ-ի, որոնք այստեղ նրանց պրոյեկտն են իրականացնում: 

Բոլոր ժամանակներում եղել են խաղադրույքներ, բայց Ռուսաստանի համար կարևոր չի էլ եղել, թե ով կընտրվի, որովհետև երբ ունես ներգործելու համար շատ մեծ տնտեսական ու այլ բնույթի լծակներ, ապա քեզ հետ աշխատելու են բոլորը, արևմտյան երկրները ևս աշխատելու են այն ուժերի հետ, որոնք կգան իշխանության ժողովրդի քվեի արդյունքում: Պարտադիր չէ Նիկոլ Փաշինյանի լինելը, որպեսզի, օրինակ՝ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցի: 

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է պատկան մարմինների կողմից նկատվում միայն ռուսական միջամտությունը: 

– Որովհետև դա շատ լավ վաճառվում է Արևմուտքին, հատկապես ԵՄ-ին, որը հիմա շատ ծանր վիճակում է ու վտանգ է զգում Ռուսաստանից: Պետք է ինֆանտիլ լինել, որ մտածես, թե Ռուսաստանն այստեղ մի քանի ահաբեկչական խումբ է ուղարկում վարչապետի դեմ մահափորձ իրականացնելու, բայց ընդամենը մի քանի օր հետո այդ նույն վարչապետը գնում է Մոսկվա, հեծանիվ քշում, հանդիպումների մասնակցում: Այսինքն՝ երբ ինչ-որ տեղից քեզ վտանգ է սպառնում, դու շատ հանգիստ չես գնում այդ վայրը, դու խուսափում ես այնտեղից: Այս ամենն ուղղակի շոու է Արևմուտքին կերակրելու համար, այնպես էլ չէ, որ Արևմուտքը շատ միամիտ է, ուղղակի իրենց այս պահին շատ հարմար է Ռուսաստանին բոլոր վայրերից հեռացնել: 

– Տիկի՛ն Կարապետյանց, կարո՞ղ ենք ասել, որ նմանատիպ հայտարարություններով հիմնականում թիրախավորվում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը, որովհետև Մոսկվայի հետ ամենաշատը ասոցացվում է հենց Կարապետյանը:

– Բոլոր ուժերը, որոնք այսպես թե այնպես ասոցացվում են Ռուսաստանի հետ, ուղիղ թիրախում են: Ամենայն հավանականությամբ, Սամվել Կարապետյանն է առավել թիրախավորված, որովհետև առայժմ ենթադրվում է, որ ամենաշատ ռեսուրսներն ինքն ունի ու համեմատաբար նոր մարդ է քաղաքականության մեջ, նա արդեն թիրախավորված է: Գնացին ծայրահեղ քայլի՝ կալանավորեցին ոչ մի բանի համար, հետո ստիպված եղան խափանման միջոցը փոխել՝ ճնշումներից ելնելով: Բայց մինչև վերջ պետք է ամեն գնով արդարացնեն իրենց ու փորձեն ցույց տալ, որ նա մաքուր ռուսական ուժ է: 

– «Մենք ևս (բացի Արտաքին հետախուզության ծառայությունից) ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով «Անկախ դիտորդը» այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233-րդ հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)»,- մեջբերումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հրապարակումից է: Տիկի՛ն Կարապետյանց, նմանատիպ հաղորդումները կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ այս կամ այն կուսակցության գրանցումը արգելվի:

– Ես տրամաբանությունը չեմ հասկանում, եթե նրանք ակնարկում են, որ դա Սամվել Կարապետյանի թիմն է, ապա նրա թիմը բնավ չունի դրա կարիքը, Սամվել Կարապետյանը միլիարդատեր է ու որևէ մեկին պարտադրելու, Ռուսաստանից մեքենաներ բերելու պետքը չունի, ինքը իր ծախսերը կհոգա: Նա այդ ամենն անելու կարիքը չունի, որ Դանիել Իոաննիսյան էլ հավաստի տեղեկություններ ունենա այդ մասին: Ինձ համար Իոաննիսյանը ամենաանհավաստի աղբյուրն է դարձել բավական երկար ժամանակ: Առհասարակ այն թիմերը, որոնք սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, զրո վստահություն ունեն, հասարակությունն էլ պետք է շատ հստակ գնահատական տա: 

Խստորեն դատապարտելի է Հայաստանի ներքին ընտրությանը որևէ մեկի միջամտությունը՝ ԱՄՆ կլինի, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, թե մեկ այլ պետություն, բայց երբ թիրախ է դառնում միայն մի խումբը, նշանակում է, որ բոլոր տեղերից միջամտություններն ու սատարումները Նիկոլ Փաշինյանի սրտով են, դրա համար էլ նրան սատարող քաղհասարակության ներկայացուցիչները չտեսնելու են տալիս դրանք: 

Ակնհայտ է, որ խնդիր է դրված Փաշինյանի վերարտադրությունը, ու դրա համար արվում է ամեն բան, իսկ կուսակցություններին չգրանցելու մասին արդեն իսկ խոսվում է տարբեր անձանց շուրթերով, հետևաբար ոչինչ բացառել հնարավոր չէ: Սա ուղղակի պետության կործանման է տանում, Նիկոլ Փաշինյանի դիկտատուրան որևէ բանի հետ համեմատել հնարավոր չի լինի, մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե ինչի ենք մենք բախվելու, եթե ՔՊ-ն վերընտրվեց: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment