Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով ձերբակալվել է 3-րդ մեղադրյալը

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով ձերբակալվել է 3-րդ մեղադրյալը

11 մարտի 2026 – 18:16 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով ձերբակալվել է երրորդ մեղադրյալը։ Նա մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ և հանդիսանում է Լոռու մարզում 2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործի առանցքային վկան՝ Անահիտ Մ․-ն։

Ըստ քրեական գործի նյութերի՝ հենց Անահիտ Մ․-ն է կատարել այն ձայնագրությունը, որը օրեր առաջ փաստաբան Հակոբյանի ձերբակալությունից հետո հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեն, հայտնում է Factor.am-ը:

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վկան այդ ձայնագրությունը գումարի դիմաց փոխանցել է սպանված Սամվել Մաթևոսյանի հորը, որն էլ այն ներկայացրել է դատարան՝ սպանության գործի շրջանակում։

Մարտի 6-ին ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Քննչական մարմնի վարկածով՝ Հակոբյանը, լինելով Լոռու մարզում 2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալի պաշտպան, փորձել է անօրինական ազդեցություն գործադրել վկայի վրա, որպեսզի նա դատարանում հրաժարվի նախաքննության ընթացքում տված ցուցմունքից։

Նույն գործով մեղադրյալ է նաև սպանության գործով ամբաստանյալի եղբայրը՝ Վահե Ղազախեցյանը։ Հենց նրան է վերագրվում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության այն հատվածը, որտեղ տղամարդը ենթադրյալ սպառնալիքներ է հնչեցնում կնոջ հասցեին։

Մարտի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբան Ռուբեն Հակոբյանին և Վահե Ղազախեցյանին։ Դատարան է ներկայացվել Վահե Ղազախեցյանին կալանավորելու, իսկ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ, որոնք բավարարվել են։

Միաժամանակ որոշում է կայացվել նաև երրորդ մեղադրյալ Անահիտ Մ․-ին ձերբակալելու մասին՝ նրան կալանավորելու միջնորդությամբ դատարան ներկայացնելու նպատակով, սակայն սկզբում նրան հայտնաբերել չի հաջողվել, իսկ երեկ նա ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Ռուբեն Հակոբյանի պաշտպան Լիանա Գասպարյանը հայտնել է, որ փաստաբանական թիմը նոր է ստացել դատարանի որոշումը տնային կալանքի վերաբերյալ և պատրաստվում է այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում։

Գասպարյանի խոսքով՝ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը սպանության գործի շրջանակում նախկինում արդեն քննության առարկա է դարձել, և Վերաքննիչ քրեական դատարանը այն դեռևս 2022 կամ 2023 թվականին ճանաչել է անթույլատրելի ապացույց։

«Այսինքն՝ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, համաձայն որի՝ այդ ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ հայտնի չէ դրա ձեռքբերման աղբյուրը»,- ասել է Լիանա Գասպարյանը։

Փաստաբանը նաև նշել է, որ Ռուբեն Հակոբյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հրապարակված ձայնագրության մեջ լսվող ձայնը առերևույթ նման է փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձայնին, Գասպարյանը պատասխանել է, որ ներկայումս արհեստական բանականության միջոցով հնարավոր է ստեղծել տարբեր ձայներ, և այդ պատճառով անհրաժեշտ է մասնագիտական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք ձայնագրության մեջ հենց Հակոբյանի ձայնն է։ Նրա խոսքով՝ տվյալ գործի շրջանակում նման փորձաքննություն դեռևս չի նշանակվել։

Ձերբակալված փաստաբան Ռուբեն Հակոբյանը ներգրավված է քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերում։ Նա նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։

Leave a Comment