Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը՝ խորոցնելու կապերը ԵՄ-ի հետ։ Այս մասին Ստրասբուրգում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների հանձնառությանը համահունչ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ:
Սա ընդամենը առաջին քայլն է մեր մանդատի շրջանակում: Մյուս շաբաթ Եվրոպա-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստը տեղի կունենա, նաև Եվրամիություն–Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսին, Եվրոպական քաղաքական համայնքի ժողովից զատ»,–ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք Եվրոպական խորհրդարանը նախատեսում է որևէ հնարավորություն ընդլայնելու ՀՀ-ում ԵՄ ներկայությունը, որպեսզի խորացնի հարաբերությունները բոլոր քաղաքական կուսակցությունների հետ և աջակցի ներառական երկխոսությանը բոլոր կուսակցությունների հետ՝ Մեցոլան պատասխանեց. «Այդ որոշումները մենք կայացնում ենք Եվրոպական խորհրդարանի բյուրոյում։
Մի քանի ամիս առաջ մենք որոշում կայացրեցինք Մոլդովայում գրասենյակ բացել, նախ անցյալ նոյեմբերին, որը պետք է ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով զբաղվի, այդ թվում նաև Հայաստանն ընդգրկի։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնառությունը արվելու գործընկերության մեր բոլոր բարեկամներին»։