11 մարտի 2026 – 16:59 AMT
PanARMENIAN.Net – Եվրոպան ի դեմս Հայաստանի տեսնում է ընկերոջ, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ Եվրոպական խորհրդարանն ու Հայաստանի ԱԺ-ն կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտ բերելու հարցում, հայտնում է Արմենպրեսը:
«Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկերոջ: Հույս ունեմ, որ երբ Հայաստանն էլ նայում է Եվրոպային, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի»,- ասել է Մեցոլան։
Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովից հետո։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ։
Մեցոլայի գնահատմամբ՝ այդ քայլը նպաստելու է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացմանը, կուժեղացնի երկրի տնտեսական դիմակայունությունը, կխթանի իրավունքի գերակայությունը և կխորացնի անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։
Եվրոպական խորհրդարանը նաև ողջունել է այն հանգամանքը, որ Հայաստանին ներկայացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
«Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու Եվրոպայի ընդհանուր նպատակին: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ Հայաստանը մեր միությանն ավելի մոտ բերելու հարցում»,- ասել է ԵԽ նախագահը։
Մեցոլան նաև նշել է, որ անհամբեր սպասում են քննարկումների շարունակությանը, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ՝ ԵՄ–Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նիստի շրջանակում։
Նա հավելել է, որ սպասում է նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել մայիսի սկզբին Երևանում։ Մեցոլայի խոսքով՝ ինքը նույնպես այդ օրերին լինելու է Երևանում՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել «ժողովրդավարության տանը», հայտնում է 1lurer.am-ը:
«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարական տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ուղին ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ:
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է, որ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, որը, ըստ նրա, պատմական նոր փուլ է բացել ՀՀ–ԵՄ հարաբերություններում։
«Դա մի նոր խթան է մեզ համար՝ շարունակելու դեմոկրատական, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը»,- ասել է նա։
Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը և ԵՄ-ն նախկինում համաձայնեցրել են ռազմավարական նոր օրակարգ, որը հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ակտիվորեն բանակցում է նաև վիզաների ազատականացման շուրջ։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը աջակցություն է ստացել նաև ԵՄ խաղաղության գործիքի միջոցով, իսկ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը։
«Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, որը տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ տնտեսական համագործակցությունը նույնպես ունի բավականին մեծ օրակարգ։
2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։