«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ՝ արտերկրից (հիմնականում՝ Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար»։
Radar Armenia-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը չցանկացավ բացահայտել այդ քաղաքական ուժի անունը. «Մենք առայժմ ձերծ ենք մնում այդ ուժի անունը բացահայտելուց, քանի որ անվանումը նշելու պահին պետք է ունենանք անհերքելի ապացույցներ այդ երևույթի հետ կապված»,-նշեց նա՝ հավելելով, որ հրապարակելուց պետք է զգույշ լինել աղբյուրին չվնասելու համար։ Իոաննիսյանը չհստակեցրեց՝ խոսքը ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի կուսակցության մասին է, թե ոչ՝ հավելելով, որ առայժմ անուններ չի տա։
Իոաննիսյանը ընդգծեց՝ արդեն հաղորդում են ներկայացրել դատախազություն՝ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով նախատեսված արարքի համար՝ կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելու մասին։
