Հուսալիություն, կայունություն, անվտանգություն․ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկայացրել է մոդուլային ռեակտոր կառուցելու Հայաստանի որոշումը

Փարիզում ավարտվել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը։ Մասնակիցները խոսել են էլետրաէներգիայի արտադրության ծավալների և պահանջարկի ավելացումից, կարևորել իրական լուծումները էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ում՝ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում, միջուկային էներգիայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանը որոշել է փոքր մոդուլային ռեակտորով շարունակել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Ինչպե՞ս կարող է միջուկային էներգիան աջակցել և անցում ապահովել դեպի մաքուր էներգիա․ 2024-ին Բրյուսելում Միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովն էր, այս տարի Փարիզում՝ երկրորդը։ Քննարկման առանցքում միջուկային էներգիայի ապագան էր, որը, ըստ Ֆրանսիայի նախագահի, առաջընթացի աղբյուր է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են միջուկային էներգետիկայի ապագան, խոսել հնարավորինս ցածր գնով էներգիա արտադրելու հնարավորությունների մասին։ Ատոմային էներգիան կազմում է համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 10 %-ը։ Արհեստական բանականությանն ու նորարարությանը զուգահեռ՝ աշխարհում ավելանում է մատչելի էլեկտրանէերգիայի պահանջարկը։

ԵՄ-ում՝ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում, միջուկային էներգետիկայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր՝ հաշվի առնելով, որ դաշինքը նավթ կամ գազ արտադրող չէ, Փարիզում  հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

«Ատոմային էներգետիկայի մասնաբաժնի այս կրճատումը գիտակցված ընտրություն էր։ Հետադարձ հայացքով դա Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր՝ թիկունք դարձնելը հուսալի, մատչելի և ցածր արտանետումներով էներգիայի աղբյուրին։ Սա պետք է փոխվի»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր երկրում միջուկային էներգիայի արտադրության փուլային դադարեցումը համարել է անշրջելի, թեև համաձայն է Եվրահանձնաժողովի նախագահի տեսակետին։

Հաջորդ սերնդի միջուկային ռեակտորները կարող են դառնալ եվրոպական բարձր տեխնոլոգիական, մեծ արժեք ունեցող արտահանման ապրանք՝ համոզված է Եվրահանձնաժողովի նախագահը։ Նա խոսել է մինչև 2030 թվականը ԵՄ-ում փոքր մոդուլային ռեակտորներ տեղակայելու, գործող կանոնակարգերը ներդաշնակեցնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ռազմավարական որոշման մասին գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիա կիրառելու։ Այսօր մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածելու բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայկական ատոմակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Նա ընդգծել է ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը թե՛ ներկա, թե՛ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը՝ ասել է Փաշինյանը։

Իսկ մինչև նոր ատոմակայան կառուցելը ՀԱԷԿ-ը տեխնիական վերազինումից հետո կգործի ևս տասը տարի։ Մոտ մեկ ամսից արդեն այն կանջատվի էներգահամակարգից ու կվերազինվի։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այդ հարցում վտանգներ չի տեսնում․

«Շուրջ 1100 Մվտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված ցանցին, ինչը էականորեն մեծ է։ Նախորդ տարվա էներգիայի շուրջ 15 %-ը այդ կայաններն են արտադրելմի փոքր ավելի պակաս, քան 15 %-ը։ Դրանք մեզ հնարավորություն կտան էներգահամակարգը պահելու անխափան վիճակում, և, որպես այդպիսին, սա պլանավորված ցուցանիշ է և պլանավորված գործողություն, որը մենք կատարում ենք»։

Այսպիսով, Հայաստանն ապագայում կունենա մոդուլային ատոմակայան։ Կառավարությունը և փորձագետների մի մասը կարծում են, որ մոդուլային ատոմակայաններն առավելություններ ունեն։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան․

«Առաջին առավելություններից մեկը նա է, որ պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է գործելու։ Այսինքն՝ Աստված մի արասցե, վթարային իրավիճակներում, երբ որ էլեկտրաէներգիա չկա տարածքում, պոմպերը չեն աշխատում, մարդու միջամտություն ատոմակայանի սառեցման, վթարային իրավիճակում գտնվող մոդուլային ատոմակայանի սառեցման համար կարիք չկա։ Երկրորդ՝ մոդուլային այս տիպի ատոմակայանների 80-90 % հիմնական բաղկացուցիչ սարքավորումները և մասերը արտադրվելու են գործարաններում և հետո տեղափոխվելու են այն երկիր, որտեղ որ պետք է տեղակայվեն և լեգոյի սկզբունքով հավաքվելու են»։

Փորձագիտական կարծիքները, սակայն, միանշանակ չեն։ Էներգետիկ ցանցերի մասնագետ, փորձագետ Արա Մարջանյանն ընդգծում է՝ նպատակահարմար է, որ Հայաստանում կառուցվի ռուսական տեխնոլոգիաներով ВВР տիպի ռեակտոր․

«Աշխարհում այս տիպի ռեակտորները ապացուցել են իրենց անվտանգությունը։ Հայաստանն այստեղ չպետք է հեծանիվ հորինիմենք մեզ փորձությունների չտանենք»։

Այս ռեակտորն աշխարհում ամենատարածվածն է ու ամենամշակվածը։ Մարջանյանը կարծում է, որ առաջիկա 15 տարիներին հենց այս տեխնոլոգիան է մնալու առաջատարը։

Համաշխարհային շուկայում էներգիայի պահանջարկն ավելանում է ամեն օր։ Սա հանգեցրել է միջուկային էներգիայի մրցունակության վերանայմանը։ Շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լրացնել վերականգնվող էներգիայի աղբյուրները, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ․ գագաթնաժողովում ելույթն այսպես է եզրափակել Հայաստանի վարչապետը։

Leave a Comment