Հովակիմյան. Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի ՀՀ հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու

Հովակիմյան. Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի ՀՀ հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու

11 մարտի 2026 – 17:33 AMT

PanARMENIAN.Net – Այն քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի ՀՀ հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Մեր բոլոր քաղաքացիները ներառված են բնակչության պետական ռեգիստրում, բայց որպեսզի քաղաքացին ներառվի ընտրողների ցուցակում, պիտի ունենա գործող, անձը հաստատող փաստաթուղթ»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, հայտնում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ այս մեխանիզմը տարիների ընթացքում աստիճանաբար ֆիլտրել է ընտրողների ցուցակները, քանի որ փաստաթղթերի ժամկետների ավարտի պատճառով որոշ քաղաքացիներ դուրս են մնացել ցուցակներից։

«Այսինքն՝ չունեն անձը հաստատող փաստաթուղթ: Իրենք շարունակելու են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ որ անձը հաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա կարող է նաև հյուպատոսությունների միջոցով իրականացվել, այսինքն՝ դրա համար պարտադիր չէ նույնիսկ, որ իրենք վերադառնան Հայաստան, միանգամից նորից կվերականգնվեն ընտրողների ցուցակում»,- նշել է Հովակիմյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment