Միշտ որոշել են ու որոշելու են ձեր փոխարեն, իհարկե հայտարարելով, թե սիրում են ձեզ. Հակոբ Բադալյան

Ընդհանրապես, այս թեման մեր հանրությունում ունի չափազանց լղոզված եւ նենգափոխված ընկալում անգամ այն հանրային շերտերում, որոնք հստակ գնահատում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վտանգավորությունն ու դեմ են այդ քաղաքականությանը:

Այդ ամենով հանդերձ, նրանք դեմ են նաեւ այսպես ասած «նախկիններին», «Ռուսաստանի հետ կապ ունեցողներին», «նախկինների հետ կապ ունեցողներին»: ՄԻ խոսքով, առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ «սա վատն է, բայց ուրիշ ո՞վ»:

Հարգելիներս, քաղաքականության մեջ չկա «ուրիշ ով»-ի բանաձեւ: Որովհետեւ «ով»-ի պատասխանը միշտ տալիս է քաղաքականությունը՝ իր ներքին ու արտաքին բազմաֆունկցիոնալ շերտերով: Մինչ հասարակությունը փնտրում է «ուրիշ ով»-ի, քաղաքականությունը նրան մատուցում է այդ «ով»-ին, միշտ: Ավելին, հանրությանը դնելով այդ «ուրիշ ով»-ի փնտրտուքի ռեժիմում, քաղաքականությունը՝ իր ներքին ու արտաքին բազմաֆունկցիոնալ շերտերով, դրանց մեծ ու փոքր շահառուներով, դերակատարներով, առավել հանգիստ, անշտապ ու վստահ է հանրությանը կանգնեցնում իր «ով»-ի փաստի առաջ:

Հետեւաբար, այդ «ուրիշ ով»-ի թվացյալ ինտելեկտուալ կամ խորագետ հարցադրումը միշտ բախվում է քաղաքականության դրած փաստին, ու հանրությունը իրականում միշտ կանգնում է այդ փաստի առաջ:

Հետեւաբար, հանրային սուբյեկտությունն այստեղ ոչ թե «ով»-ի, այլ «ինչ»-ի որոնման հարցն է: Հանրությունը սուբյեկտության շանս ունի, երբ դնում է «ինչ»-ի հարցը, դրանով գոնե ստեղծելով նվազագույն միջավայր կամ պայման, որ «ով»-երը փորձեն ադապտացվել այդ «ինչ»-ին:

Ես այստեղ միտումնավոր չեմ շոշափում անուններ, չեմ տալիս անուններ, այլ խոսում եմ «բանաձեւերի» մասին: Դեպի անուններ ձեզ կողմնորոշում, հետեւաբար անուններով իրականում ապակողմնորոշում են քաղաքականության «մոդերատորները»: Դրան դիմակայելու միակ ձեւը դեպի «ինչ»-«ինչեր» գնալն է: Չափեք իրավիճակը այդպես: Մի ասեք, թե «ուրիշ ով», որովհետեւ իբրեւ թե ոչ մեկն էլ մի բան չէ, չկա ձեր «երազանքի» թեկնածուն:

Ասեք, թե «ինչ», ու չափեք իրականությունը «ինչ»-ով»: Հետո արդեն որոշեք, թե ո՞րն է այդ «ինչ»-ին գնալու, կամ գոնե մոտենալու, դեպի դա շարժվելու այդ պահի ամենաօպտիմալ ձեւն ու ճանապարհը, միջոցը: Այդ դեպքում դուք ձեզ համար գոնե կարող եք մոտենալ «ով»-ի առավել ստույգ սեփական պատասխանի:

Այդտեղ դուք ստանում եք որոշումների մասնակից լինելու շանս: Հակառակ պարագայում, միշտ որոշել են ու որոշելու են ձեր փոխարեն, իհարկե հայտարարելով, թե սիրում են ձեզ ու հպարտանում են ձեզանով:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment