11 մարտի 2026 – 13:56 AMT
PanARMENIAN.Net – «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատման դիմում է ներկայացրել, սակայն այս պահին որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել։
«Տնօրենն ազատման դիմում է գրել, բայց որևէ իրավական ակտ չկա»,- հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից, գրում է Panorama.am-ը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է որոշում տնօրենի նշանակման և ազատման հարցը։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել է, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել:
«Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։ Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։
Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել և դիմումը գրել, բայց կոլեկտիվը ընդվզել է տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան- ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարին, իսկ աշխատակիցները մեկ մարդու պես ոտքի են կանգնել և ղեկավարին հորդորել չհանձնվել դիմում չգրել։
Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման և գիտական հոդվածների հրապարակման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և ցանկանում են հնարավորինս արագ ազատվել նրանից և մեկ այլ անձ նշանակել։
Տնօրենի նկատմամբ սևեռումները, ասել են, հասել են գագաթնակետին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից և Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո։ Հայտնի է, որ փետրվարի 10-ին Վենսի և նրա տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում ՀՀ իշխանություններից որևէ պաշտոնյա նրանց չի ուղեկցել, Ժաննա Անդրեասյանը ձևական դիմավորել է համալիրի մուտքի մոտ և հեռացել՝ թերևս չնեղացնելու համար իրենց թուրք բարեկամներին։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել տիկին Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը: Նա Ջեյ Դի Վենսին է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր»,-ասվում էր հրապարակման մեջ:
Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ միաձայն ընտրվել է ՀՑԹԻ տնօրեն 2024 թվականի փետրվարի 12-ին։