Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որը իշխանության է եկել իր հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո, պատերազմի ընթացքում վիրավորվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ։ Այդ մասին հայտնում են իրանական և իսրայելական պաշտոնյաները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ 56-ամյա Խամենեին ստացել է մի շարք վնասվածքներ, այդ թվում՝ ոտքերի շրջանում, սակայն գիտակցական վիճակում է և գտնվում է խիստ պաշտպանված գաղտնի վայրում՝ սահմանափակ կապով։
Նշվում է, որ նա մինչ այժմ չի հայտնվել հանրային դաշտում, չի հրապարակել տեսանյութ կամ գրավոր հայտարարություն։ Իրանական երեք պաշտոնյաներ, որոնք խոսել են անանունության պայմանով, ասել են, որ լռության պատճառներից մեկը անվտանգության մտահոգությունն է․ ցանկացած հաղորդակցություն կարող է բացահայտել նրա գտնվելու վայրը և վտանգել կյանքը։
Իսրայելական ռազմական երկու պաշտոնյաներ նույնպես նշել են, որ իրենց հավաքած հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին՝ այն օրը, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Սակայն վնասվածքների ամբողջական բնույթն ու ծանրությունը դեռևս հստակ չեն։
Հիշեցնենք, որ նույն օրը Թեհրանում Իսրայելի ավիահարվածների արդյունքում սպանվել էր Իրանի երկարամյա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Այդ հարձակման ընթացքում զոհվել էին նաև նրա ընտանիքի անդամներ և Իրանի պաշտպանության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Չնայած այն հանգամանքին, որ նոր առաջնորդը հանրային կյանքում չի երևում, նրա լուսանկարներն արդեն հայտնվել են Թեհրանի փողոցներում տեղադրված մեծ պաստառների վրա։ Մոջթաբա Խամենեին երկար տարիներ համարվում էր ազդեցիկ գործիչ իշխանության ներսում և սերտ կապեր ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։