Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեղադրում է բրիտանական PR ընկերությանը՝ իր դեմ տեղեկատվական արշավ կազմակերպելու մեջ

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ “Apollo Strategic Communications” –ի մայր ընկերությանը՝ “RSK Group”-ին է պատկանում “Azerbaijan Environment and Technology Centre” Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ “Apollo”-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ “Red Public Relations Limited” և “Apollo Public Relations Limited”։

Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․

1.Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,

2.ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,

3.Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,

4.«Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փալյան։

Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փալյանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։

Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։

Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը “Apollo Strategic Communications”-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․

Ո՞վ է վարձել “Apollo”-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։

Եթե “Apollo”-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։

Ինչպե՞ս  և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։

Ի՞նչ կապեր ունի “Apollo” –ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։

Կից ներկայացվում է ամերիկյան լրատվամիջոցներին գաղտնի կերպով ուղարկված նամակը։

Leave a Comment