ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացը, օրենսդրական վերջին փոփոխությունները, սպասվող իրադարձությունները, ինչպես նաև պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման փուլերին և գործընթացի պարզեցումներին՝ նշելով, որ այս տարի հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները։ Իրականացված պարզեցումների ենթատեքստում Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է նաև ինքնաշխատ կերպով ՊԵԿ հանձնված հայտարարագրերին և նշել, որ այս տարի գործընթացը ևս շարունակվելու է․ «Եթե մինչև նոյեմբերի 1-ը քաղաքացիները կունենան հավելյալ եկամուտներ, որոնք պետք է լրացնեն հայտարարագրում, անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել ՊԵԿ, իսկ եթե մինչև նոյեմբերի 1-ը որևէ գործողություն չիրականացնեն, ապա ժամկետի ավարտից հետո հայտարարագիրը կհամարվի հանձնված ՊԵԿ»։
Գործարկվել է տվյալների փոխգործելիությունը, որի արդյունքում թոշակները, սոցիալական վճարները, Զինապահ հիմնադրամից ստացված հատուցումներն ինքնաշխատ լրացվում են հայտարարագրման համակարգում։ «Եթե թոշակառուն այլ եկամուտ չի ստացել, քան թոշակն է, օրինակ՝ եթե չի ունեցել այլ ֆիզիզկական անձի վարձակալության հանձնած անշարժ գույք, այսինքն այս մասով եկամուտ չի ստացել, ապա նա որևէ այլ տվյալ չի լրացնում և վերջնաժամկետի ավարտին հայտարարագիրը համարվում է հանձնված ՊԵԿ», – նշել է Ռաֆայել Գևորգյանը։
Սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին խոսելիս՝ ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում անձը կարող է տեսնել նաև կատարված սոցիալական ծախսը և հայտարարագիրը ներկայացնելուց հետո, դիմել ու ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում։ 2025 թվականին մոտ 74 000 քաղաքացիների վերադարձվել է 5․8 մլրդ դրամի չափով սոցիալական ծախսի փոխհատուցում, որի մեծ մասը կրթական ծախսերի մասով էր։
Հայտարարագրման համակարգի միջոցով խրախուսվում է կամավոր կարգապահությունը․ այն հնարավորություն է տալիս քաղաքացուն՝ տեսնելու, թե ինչքան հարկ է վճարել պետական բյուջե։
ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է նաև հայտարարագրման համակարգի միջոցով պետական բյուջե վճարված հարկերին, հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներին և շեմին, կրիպտոգործարքներին, ինչպես նաև 2025 թվականին ՀՀ տարբեր մարզերում իրականացված հայտարարագրման շուրջ իրազեկման հանդիպումներին և այցերին։