Հրաչյա Աճառյան-150․ հայագիտության անգնահատելի ժառանգությունը․ «Հայագիտակ»

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հսկայական ու անգնահատելի գիտական ժառանգություն է թողել մեծանուն հայագետ ու լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Ծնված լինելով համեստ կոշկակարի ընտանիքում՝ նա ոչ միայն տիրապետեց բազմաթիվ օտար լեզուների, այլև խորությամբ ուսումնասիրեց հայերենի գանձերը։

Գրեց «Հայերեն արմատական բառարանը», որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանության մեջ։ Ուսումնասիրեց հայերենի բարբառները, հատկապես նրանք, որոնք 1915-ի Մեծ եղեռնից հետո հայտնվել էին անհետացման եզրին, քանի որ այլևս չկային դրանցով խոսողները։ Նույնքան արժեքավոր է նրա «Հայոց լեզվի պատմություն» քառահատոր աշխատությունը։

Խորհրդային տարիներին, բազմաթիվ լեզուների տիրապետելու պատճառով, ենթարկվեց բռնաճնշումների։ Նրան մեղադրում էին լրտեսության մեջ, իսկ ամենավիրավորականը՝ Թուրքիայի օգտին լրտեսելու շինծու մեղադրանքն էր։

Չնայած այս ամենին՝ նա շարունակեց իր նվիրումը գիտությանը և մանկավարժությանը։ Երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, իսկ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումից հետո, առաջիններից էր, ով ընտրվեց ակադեմիկոս։ Աճառյանի թողած հարուստ գիտական ժառանգության մի ստվար մաս մինչև օրս մնում է անտիպ և սպասում է իր հրատարակությանը։

Leave a Comment