11 մարտի 2026 – 10:27 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե 2025-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք է տեղակայել՝ հավելելով, որ նշված դիրքը «չի հատում Հայաստանի պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում»:
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան տեսանյութում ներկայացրել է տեղանքի քարտեզն և խնդրո առարկա դիրքի տեղակայումը:
«Շրջանառվող կեղծ տեղեկություններն ուղեկցվում են Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Այդ մասին նաև Google Earth ծրագիրն է տեղեկացնում իր օգտատերերին»,–ասել է Թորոսյանը։
Նա հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ 1։100000 մասշտաբի տեղագրական քարտեզով, որն ունի իրավական ուժ։ Նշված քարտեզը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։
Անդրադառնալով Կութ գյուղի համար առաջացած վտանգին՝ Թորոսյանն ասել է, թե «Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ առկա է Կատար լեռը»:
Նա հորդորել է առաջնորդվել բացառապես «մասնագիտական մոտեցումներով հագեցած պաշտոնական տեղեկատվությանը»:
Մարտի 4-ին Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ մամուլի ասուլիս է անցկացրել՝ հայտարարելով, թե Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։
Մարտի 10-ին «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը նույնպես հայտնել է, որ Գեղարքունիքում ի հայտ եկած ադրբեջանական նոր դիրքի վերաբերյալ իրենց ունեցած տվյալները փոխանցել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պահանջելով պարզաբանումներ։
Մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արման Թաթոյանի հրապարակած տեղեկությունները «սուտ» է անվանել։ Նույն օրը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն նույնպես հերքել են այդ պնդումները։