«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը նոր հարցազրույցում վերջնականապես հստակեցրել է իր դիրքորոշումը կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի հարցում։
«Որպես «Բարսելոնայի» մարզիչ՝ իմ պատմության գլուխն ավարտված է, համենայնդեպս, ես հիմա այդպես եմ տեսնում իրավիճակը։ Ես չեմ վերադառնա»,- իսպանացու խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։
Չավին «Բարսելոնան» գլխավորում էր 2021-ից 2024 թվականներին։ Կատալոնական ակումբի ղեկին նա դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը։ Մինչ հարազատ թիմ վերադառնալը, նա աշխատել է որպես քաթարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ։
Ներկայումս Չավին չի աշխատում, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, իսպանացին կարող է գլխավորել Մարոկկոյի ազգային հավաքականը։