Բրիտանական The Guardian պարբերականի հաղորդմամբ՝ Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականը խնդրել է հետաձգել 2026 թվականի աշխարհի առաջնության մարտյան անցումային հանդիպումը՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև զինված հակամարտության պատճառով։
Մարտի 31-ին Իրաքի ընտրանին Մեքսիկայում պետք է մրցի Բոլիվիա – Սուրինամ զույգի հաղթողի հետ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։
Նախորդ շաբաթ Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր օդային տարածքի փակման մասին։ Այդ պատճառով ազգային թիմը ստիպված կլինի 25 ժամ ավտոբուսով ուղևորվել Թուրքիա, որտեղից նոր միայն կկարողանա ինքնաթիռով մեկնել Մեքսիկա։
Բացի լոգիստիկ խնդիրներից, իրաքցի մի քանի ֆուտբոլիստներ և մարզչական շտաբի անդամներ դեռևս չեն ստացել Մեքսիկայի և ԱՄՆ-ի մուտքի արտոնագրեր։ Ըստ նախնական ծրագրի՝ հավաքականն ուսումնամարզական հավաք պետք է անցկացներ ամերիկյան Հյուսթոնում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրաքի հավաքականի ավստրալացի գլխավոր մարզիչ Գրեհեմ Առնոլդը ևս չի կարողանում հեռանալ ԱՄԷ-ից՝ օդային տարածքի փակման պատճառով։