Կսահմանվի խաղային գործունեության կազմակերպիչների նվազագույն կանոնադրական կապիտալ

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից  հանրային քննարկման ներկայացված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի՝ 10.03.2025թ. կայացած նիստի արձանագրության 7․1-ին կետով՝ խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելու վերաբերյալ։ Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտի ֆինանսական կայունության բարձրացմանը,  ֆինանսական պարտավորություններին վերաբերելի ռիսկերի նվազեցմանը, խաղացողների շահերի արդյունավետ պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետությունում  խաղային ոլորտում կիրառվող կարգավորումների համապատասխանեցմանը լավագույն միջազգային պրակտիկային։

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում խաղային ոլորտի ֆինանսական կայունության բարձրացմանը,  ֆինանսական պարտավորություններին վերաբերելի ռիսկերի նվազեցմանը, խաղացողների շահերի արդյունավետ պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետությունում  խաղային ոլորտում կիրառվող կարգավորումների համապատասխանեցմանը լավագույն միջազգային պրակտիկային:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ըստ գործող օրենսդրության՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» և «Խաղային գործունեության կարգավորման մասին» ((այսուհետ’ Օրենք) ուժի մեջ է մտնում Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։) օրենքներով խաղային ոլորտի կազմակերպիչների համար սահմանված չէ հատուկ նվազագույն կանոնադրական կապիտալի չափ՝ պարտադիր ֆիքսված գումար՝ որպես կանոնադրական կապիտալային պահանջ լիցենզավորման համար, ինչպես դա կանոնակարգված է որոշ այլ ոլորտներում (օրինակ՝ ապահովագրական կամ բանկային ոլորտներում)։

«Վիճակախաղերի մասին» օրենքով սահմանված է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդի առկայություն: Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 16-րդ ենթակետի համաձայն խաղային գործունեության կազմակերպիչն ապահովում է լիցենզիայի գործողության ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում տարեկան պետական տուրքի գումարի կրկնակի չափով դեպոզիտի առկայություն, բացառությամբ շահումով խաղի (այդ թվում՝ խաղատների կազմակերպման) գործունեության կազմակերպչի։

Միջազգային պրակտիկայում խաղային ոլորտում կիրառվում են երեք հիմնական կարգավորման մոդելներ․

  • Ֆիքսված նվազագույն կապիտալ (հստակ թիվ օրենքում),
  • Կապիտալ + ռեզերվային ֆոնդ,
  • Ֆիքսված շեմ չկա, բայց պահանջվում է ֆինանսական կայունության ապացույց (liquidity, solvency, guarantees)։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ․

  • խաղատների համար կիրառվում են ամենաբարձր կապիտալային շեմերը (€1 000 000+),
  • օնլայն խաղային ( €500 000 – €1 000 000) և բուկմեյքերական (€200 000 – €500 000) ոլորտներում շեմերը միջին են, բայց համակցվում են խիստ վերահսկողության հետ,
  • վիճակախաղերը շատ երկրներում ունեն պետական մոնոպոլիա կամ բարձր ֆինանսական պահանջներ (շեմը՝ €50 000 – €200 000)։

ԵՄ երկրներում լայնորեն կիրառվում է ճկուն մոդել, իսկ Ասիայի որոշ երկրներում՝ խիստ կապիտալային սահմանափակումներ։

Ելնելով միջազգային փորձի ուսումնասիրություններից առաջարկվում է ՀՀ-ում խաղային ոլորտի համար ներդնել տարբերակված նվազագույն կանոնադրական կապիտալի համակարգ, որը․

  • հաշվի է առնվում գործունեության սոցիալական և ֆինանսական ռիսկերը,
  • համադրելի է միջազգային փորձի հետ,
  • հարմարեցված է ՀՀ շուկայի չափերին։

Առաջարկվող փոփոխությունը

 Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 26-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ մասով

«6 Ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է  պետական տուրքի կրկնապատիկի չափովշահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափով, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը: Սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալը չի կարող նվազեցվել և պետք է պահպանվի սույն օրենքով սահմանված  համապատասխան լիցենզիայի  գործողության ամբողջ ընթացքում։»։

Հոդված 2 Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով

«6) որի ինտերնետ շահումով խաղի կամ վիճակախաղի, կամ բուքմեյքերային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը կազմում է  պետական տուրքի կրկնապատիկի չափըշահումով խաղի կազմակերպչի՝ պետական տուրքի եռապատիկի չափը, բայց ոչ ավելի քան 1 (մեկ) մլրդ Հայաստանի Հանրապետության դրամը։»։

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «5-րդ հոդվածի» բառերից հետո ավելացնել «61-րդ կամ» բառերը:

Հոդված 4.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրվանից։
  2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը  տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիաները ենթակա են համապատասխանեցման սույն օրենքով սահմանված պահանջներին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից հետո՝ 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում այդ լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

Leave a Comment