Դատարանում ներկայացվել են Փարաքարի համայնքապետի սպանության մանրամասները

Դատարանում ներկայացվել են Փարաքարի համայնքապետի սպանության մանրամասները

10 մարտի 2026 – 16:51 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում մեղադրողը ներկայացրել է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հանգամանքները։

Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը վրեժի շարժառիթով 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել Վալոդյա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի և Արծրուն Գալստյանի ուղղությամբ։ Արդյունքում սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանի նկատմամբ կատարվել է սպանության փորձ։

Մեղադրող կողմի ներկայացմամբ՝ Նարեկ Օհանյանը օժանդակել է հանցագործությանը։ Նա նախապես տրամադրել է իր տունը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը վերացնելու համար՝ կազմակերպելով հագուստի, սպորտային կոշիկների, դիմակի և պայուսակի այրումը։ Այդ նպատակով նա ձեռք է բերել դյուրավառ հեղուկ և թողել այն բակում։

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Հարությունյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ առնվազն 28 փամփուշտներով։ Այդ զենքից էլ նա կրակել է Վալոդյա Գրիգորյանի, Կարեն Աբրահամյանի և Արծրուն Գալստյանի ուղղությամբ՝ վրեժի շարժառիթով։

Նարեկ Օհանյանը, ըստ մեղադրանքի, օժանդակել է հանցագործությանը՝ նախապես խոստանալով պարտակել հանցագործության գործիքները և հետքերը։ Նրա գործողությունները, ըստ քննության, կապված են նաև այն հանգամանքի հետ, որ նրա եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը, սպանվել էր 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։

2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում՝ Երևանյան խճուղում գտնվող նորակառույց տան մոտ, սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է նաև նրա ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։ Վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ սպանության (2 դրվագ), սպանության փորձի և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։Այս գործով մեղադրյալ են ճանաչվել երկու անձ՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և 31-ամյա Նարեկ Օհանյանը, որոնք ներկայում գտնվում են կալանքի տակ։

Leave a Comment