Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմից ի վեր երկրում զոհերի թիվը հասել է 1332-ի, որոնցից 206-ը կանայք և երեխաներ են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կառավարության խոսնակը նաև նշել է, որ հարվածների թիրախ են դարձել տասնյակ առողջապահական կենտրոններ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր 1230 զոհի մասին։ Իրանի բանակը, իր հերթին, հայտարարել է, որ նախորդ շաբաթ Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի կողմից իրանական ռազմանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ։ Նրանք ներառված չէին Կարմիր մահիկի կողմից ներկայացված տվյալներում։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացմամբ զբաղվելու մեջ։ Իրանը հերքել է այդ մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող էներգետիկ օբյեկտներին ու ամերիկյան ռազմաբազաներին։
Իսրայելը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ավելի քան 10 զոհի մասին, իսկ ամերիկյան կողմից զոհվել է 7 զինծառայող։ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ ևս հայտնել են զոհերի մասին․ ընդհանուր առմամբ՝ շուրջ 25 մարդ։ Միևնույն ժամանակ, Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի։