Համաշխարհային նավթի գները մարտի 10-ի վաղ առավոտյան նվազել են, հաղորդում է BBC-ն:
Brent տեսակի նավթի գինը նվազել է մոտ 8,5%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 92,50 դոլարի։ ԱՄՆ-ում վաճառվող նավթը նույնպես էժանացել է մոտ 9%-ով՝ մեկ բարելի համար կազմելով 88,60 դոլար։
Այնուամենայնիվ, գները դեռևս մոտ 30%-ով բարձր են, քան Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության սկզբում էին։
Գների անկումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի արած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմը «շատ շուտով» կավարտվի։
Նավթի գների անկումը ասիական շուկաներին ևս որոշակի խթան է տվել առևտրի սկզբում։ Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսը աճել է 2,8%-ով, իսկ Հարավային Կորեայի Kospi բորսայական ինդեքսը բարձրացել է ավելի քան 5%-ով։
Ասիական ինդեքսները նախկինում զգալի հարված էին ստացել նավթի գների կտրուկ աճից, քանի որ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ Պարսից ծոցի պետություններից նավթի խոշոր գնորդներ են։
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին նավթի գները մարտի 9-ի դրությամբ աճել էին՝ հասնելով 2024 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը, ինչն էլ տնտեսական նման իրավիճակի պատճառներից է:
