Իրանի դեմ ռազմական գործողությունը շատ շուտով կավարտվի, բայց ոչ այս շաբաթ․ Թրամփ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունը շուտով կավարտվի, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Շուտով, շատ շուտով», – ասել է նա Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։

Սակայն, լրագրողի հարցին, թե արդյոք այն կարող է ավարտվել այս շաբաթ, Թրամփը պատասխանել է` «Ո’չ»։

Նա ասել է, որ Իրանի դեմ գործողության հիմնական նպատակն է զրկել այդ երկրին իր հարևաններին, ինչպես նաև Իսրայելին և Վաշինգտոնին սպառնալու հնարավորությունից։

«Մենք պետք է համոզվենք, որ հաջորդ օրը (ռազմական գործողությունների ավարտից հետո․ AT) նրանք չեն շտապի միջուկային զենք ստեղծել»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իր համար կարևոր է, որ Իրանը չունենա ոչ միայն միջուկային զենք, այլև այլ զենքեր մշակելու հնարավորություն, որոնք կարող են սպառնալ «հարևան երկրներին, Իսրայելին և Միացյալ Նահանգներին»։

Թրամփը կրկնել է իր պնդումը, որ առանց իր վճռական գործողությունների Իրանը կմշակեր միջուկային զենք և հրթիռներ, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ։

Ամերիկացի առաջնորդը նաև հաղորդել է Իրանի դեմ գործողության ընթացքում ավելի քան 5000 թիրախների ոչնչացման մասին։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Միացյալ Նահանգները «որոշ կարևոր թիրախներ հետաձգել է»։ Թրամփը բացատրել է, որ ցանկանում է դիտարկել իրավիճակը, նախքան այդ թիրախներին հարվածելու որոշում կայացնելը։ Մասնավորապես, ըստ Թրամփի, դա կարող է ներառել էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտների անջատում։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment